Բաժիններ՝

Բջջային 3 օպերատորները խիստ նկատողության արժանացան

«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերություններն այսօր խիստ նկատողության արժանացան ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ անբարեխիղճ մրցակցության համար: Ինչպես այսօր ՏՄՊՊՀ նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել շարժական մոդեմի (USB) միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում և բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված 3 ընկերությունների գործունեության հետ: Մասնավորապես, այդ ընկերությունները մշակել են որոշակի պայմաններ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:

Ըստ Ա.Շաբոյանի՝ կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում, մոդեմը ձեռք բերելիս՝ նրանք տեղեկացված չեն այս պայմանների մասին:

«Նման գործունեությունը հակաօրինական է: Երբ ծառայությունը կասեցվում է, պետք է դադարեցվեն նաև վճարի գանձումը»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ օպերատորները որոշ պատճառաբանումներ են բերել, բայց դրանք հիմնավոր չեն համարվել:

ՏՄՊՊՀ-ը բացահայտել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում նաև այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Շաբոյանի խոսքով՝ այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է, արդյունքում  վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ  իրենց կողմից որևէ  ծառայություն չի մատուցվել:

Ամեն դեպքում, նշելով, որ առաջին անգամ է նման խախտում արձանագրվում «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների կողմից, Ա.Շաբոյանը հայտարարեց, որ դրանք տուգանքի չեն ենթարկվի, այլ միայն խիստ նախազգուշացում կստանան ՏՄՊՊՀ կողմից և նրանց կհանձնարարվի խախտումը վերացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս