Բաժիններ՝

Քաղաքապետարանի պահանջը կատարած ուղևորափոխադրողները կործանման եզրին են. Հ. Եղիազարյան

Այն ուղևորափոխադրող ընկերությունները, որոնք քաղաքապետարանի պահանջը կատարելով ձեռք բերեցին ավտոբոսներ, այսօր ծայրահեղ ծանր վիճակում են, ընկերություններից մեկի մասով սնանկության գործընթաց է սկսվել, մյուսները տուն-տեղ գրավի տակ են դրել, կործանման եզրին են: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի արդյունքը լինելու է այն, որ ներկայումս գործող ընկերությունները կոչնչանան. «Նրանց նպատակն է, որ սրանք ոչնչանան, գա մեկ օպերատոր, ինչ գին ուզի, դնի, ոչինչ չկարողանան անել: 65 ընկերություններ էին, հիմա միայն 52 կազմակերպություն զբաղվում է նույն գործով: 1996 թվականից ուղեվարձի փոփոխություն չի եղել: Եթե մինչ այս 3% էր մեր վնասները, հիմա ավելի շատ է: Մենք ուզում ենք, որ մեր քաղաքի բնակիչները իմանան, որ մենք Երևանի թշնամիները չենք, մենք տարիներ շարունակ վնասով աշխատել ենք, իսկ այսօր մեզ թշնամի են դարձնում ժողովրդին»:

Հ.Եղիազարյանի համոզմամբ՝ եթե լինի մեկ օպերատոր, ապա ուղեվարձը կլինի ոչ թե 250 դրամ, այլ ավելի մեծ թիվ:

Միության փոխնախագահ, փոխադրող ընկերության ղեկավար Հարություն Առաքելյանի խոսքով՝ ոլորտն ամեն օր անկում է ապրում: Ըստ նրա՝ եթե տարիներ առաջ մրցույթներից հետո տրանսպորտի արտաքին տեսքի փոփոխություն էր նկատվում, այսօր օրեցօր վատթարանում է՝ ֆինանսական վիճակից ելնելով. «Մի օր մենք Երևանում չենք ունենալու տրանսպորտային միջոց»:

Հ. Առաքելյանը նշեց, որ քաղաքապետարանի ձևավորած ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովի նախագահից հետաքրքրվել է, թե ինչքան պետք է սպասեն մինչև որոշում կայացվի, և իրենց պատասխանել են, թե այս ընկերությունները կաշխատեն մինչև սպառվեն, հետո կլինեն նոր փոխադրողներ. «Այսինքն, իսպառ ոչնչացման են տանում փոխադրողներին: Մեկ օպերատորի դեպքում ունենում ենք նույն օլիգարխիկ մոտեցումը, ինչպես ունեինք այլ ոլորտներում»:

«Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Արշակյանը հայտարարեց, որ նախկինում իր շահագործած 3 երթուղիներից 2-ի սպասարկումից ստիպված են եղել հրաժարվել և հիմա միայն 1-ն է մնացել:

«Նպատակադրված կործանում են ոլորտը: Ցավալի է, որ մեր աչքի առաջ մեր ստեղծածը կործանում են»,- ասաց Ա.Արշակյանը:

«Հակո» ՍՊԸ Վլադիկ Աբրահամյանը կոչ արեց Աժ-ում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները քնարկողները գան, փոխադրողների հետ խոսեն: Աբրահամյանի խոսքով՝ ընկերությունները ավտոբուսների դիմաց հազարավոր դոլարներ են պարտք բանկերին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս