
Էրդողանը յուրովի է մեկնաբանել «էրգենեքոնականների» ազատ արձակումը

Mk-turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է վերջին օրերին «Էրգենեքոնի» գործով կալանավորվածներին ազատ արձակելու գործընթացը, որն արդեն իսկ առնչվել է մոտ 30 մարդու:
Էրդողանը հայտարարել է, որ քանի որ տվյալ անձինք դատապարտված են եղել տևական ժամկետով ազատազրկման, ուստիև դատարանը ոչ թե արդարացրել է նրանց, այլ պարզապես ազատ է արձակել նրանց նրա համար, որ նրանք երկար ժամանակ գտնվել են կալանավայրում մինչև իրենց գործով դատավճռի վերջնական հրապարակումը.
«Մենք չենք կարող հերքել պետական հեղաշրջման փորձերը, շատ հնչեղ ձայնագրություններ դրա ապացույցն են: Ես չեմ կարող համաձայնվել այն մտքի հետ, որ չի եղել պետական հեղաշրջման որևէ փորձ: Դա կնշանակի գլուխը թաղել ավազի մեջ»:
Նշվում է, որ վերջին շրջանում «Էրգենեքոնի» գործով դատապարտվածների մի մասն ազատության մեջ է հայտնվել թիվ 6526 օրենքի հիման վրա, որը վերջերս է մտել ուժի մեջ, ինչից հետո «էրգենեքոնականները» իրենց բանտից ազատելու միջնորդությամբ դիմել են դատարան: Նոր օրենքի համաձայն, յուրաքանչյուր ոք, ով բանտում գտնվել է 5 տարի՝ առանց իր գործով վերջնական դատավճռի կայացման, պետք է ազատ արձակվի: