Արդյոք Յանուկովիչը գործի՞ք է Ռուսաստանի իշխանությունների ձեռքին

Ուկրաինայում հայտնի իրադարձություններից հետո, երբ փաստացի տապալվեց նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը, Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 25-ին ընդունեց հայտարարություն, որում կոչ էր անում Հաագայի միջազգային դատարանին նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա զինակիցներին պատասխանատվության ենթարկել` «մարդկության դեմ հանցագործությունների համար»:

Ավելի ուշ, երբ հայտնի դարձավ, որ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում (փետրվարի 28-ին նա Դոնի Ռոստովում հանդես եկավ մամուլի ասուլիսով), Ուկրաինայի իշխանությունները դիմեցին Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը (Ինտերպոլին)` Յանուկովիչի նկատմամբ միջպետական հետախուզում հայտարարելու վերաբերյալ, Ինտերպոլն ընդունեց այդ դիմումը:

Իսկ Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարեց (մարտի 10-ին` LB.ua-ի հետ հարցարզրույցում), որ դիմումը Հաագայի դատարան արդեն ուղարկվել է, և Ուկրաինան պահանջելու է Ռուսաստանի Դաշնությունից արտահանձնելու Վիկտոր Յանուկովիչին:

Վերջինս իր հերթին մարտի 11-ին Դոնի Ռոստովում կրկին հանդես եկավ հրապարակային ելույթով` հայտարարելով, որ ինքը շարունակում է մնալ Ուկրաինայի օրինական նախագահը, նոր իշխանություններին անվանեց «ուլտրանացիստների» ու «ֆաշիստների» ավազակախումբ ու նաև մեղադրեց Միացյալ Նահանգներին`«ապօրինի» որակելով վերջինիս կողմից Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու մտադրությունը:

Այսօրվա ասուլիսում Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է պատրաստվում անել Ուկրաինայի կառավարությունը` Յանուկովիչին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ի պատախան` դեսպանն ասաց, թե դժվարանում  է պատասխանել այդ հարցին, բայց հիշեցրեց, որ Ուկրաինայում կա օրինական կառավարություն, նախագահի պաշտոնակատար, և իր կարծիքով` մայիսի 25-ին նախագահական ընտրություններից հետո նոր նախագահը և կառավարությունը միջոցներ կձեռնարկեն այդ ուղղությամբ:

Հարցին, թե Վիկտոր Յանուկովիչին համարո՞ւմ է գործիք` Ռուսաստանի իշխանությունների ձեռքին, Իվան Կուխտան պատասխանեց. «Զենք ինչ-որ մեկի ձեռքին… դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Այսօր նախկին նախագահը Ռուսաստանի Դաշնության տարածքում  է գտնվում, դուք տեսել եք նրա մամուլի ասուլիսը, նա երկու անգամ ելույթ է ունեցել: Ավելին չեմ կարող ասել»:

Տեսանյութեր

Լրահոս