
Դերենիկ Դումանյան. Այդ օրինագծի ընդունումը կարող է նոր ֆինանասկան հոսքեր նախատեսել

Թեպետ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեմ է թունդ ալկոհոլային խմիչքը գովազդելուն, սակայն ԱԺ մեծամասնությունն այսօր ընդունեց «Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սխալ չէ՞ 22:00-ից մինչև 06:00-ն խմիչք գովազդելը, Դերենիկ Դումանյանը պատասխանեց. «Կառավարության նիստի ժամանակ ես իմ բացասական տեսակետը հայտնել եմ այդ օրինագծի վերաբերյալ, սակայն այստեղ խնդիրը դրված է տնտեսական ակտիվ գործողությունների վրա: Այդ օրինագծի ընդունումը կարող է տնտեսական լրացուցիչ ակտիվություն բերել և կարող է նոր ֆինանասկան հոսքեր նախատեսել: Ազգային ժողովն օրենքն ընդունելուց հենց այս փաստերն է հաշվի առել»,- ասաց Դ. Դումանյանը:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն Ձեր բացասական դիտարկումը դրական արդյունք չտվեց, օրինագիծն ընդունվեց, Դ. Դումանյանն այսպես արձագանքեց. «Կառավարությունը չի որոշում օրենքների ընդունման հարցը, այլ Ազգային ժողովը: Ես կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ իմ բացասական տեսակետն արտահայտել եմ: Թե Ազգային ժողովն ի՞նչ եզրահանգում կտա, դա այլ հարց է»: