Նիկոլ Փաշինյան. Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական հետապնդման զոհ է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խնդրին: Նիկոլ Փաշինյանը նախ արձանագրեց, որ Հայաստանում գաղջ մոթնոլորտ է տիրում, ապա նշեց, թե գաղջ մթնոլորտի պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը, կառավարությունը քրեական հետապնդման լծակները օգտագործում է՝ քաղաքական հետապնդումներ իրակացնելու համար: Նա հայտարարեց որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական հետապնդման զոհ է:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ազատամարտիկի գործի ժամանակագրությունը՝ ասելով, որ ակցիաներից հետո Վ. Ավետիսյանը հանդիպում ունեցավ վարչապետի հետ, չբավարարվելով տրված խոստումներից նորից ակցիաները շարունակեց, հետո հանդիպեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Պաշտպանության նախարարն ինքն է մամուլին հայտնել, որ Սերժ Սարգսյանի անունից ուղերձ է հղում Վոլոդյա Ավետիսյանին, որի իմաստը հետևյալն է, որ դադարեցվեն ակցիանները և չշարունակվեն։ Վալոդյա Ավետիսյանը չի համաձայնվում այդ պայմանին և շարունակում է ակցիանները, որից հետո քրեական գործ է հարուցվում և Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվում և մեղադրվում է խարդախության մեղադրանքով։ Սրանից հետո ԱԺ-ն ընդունում է «Համաներման մասին» որոշում, որը տարածվում է Վ. Ավետիսյանի վրա, նույնիսկ եթե նա այդ խարդախությունը կատարել է, բայց չի ազատվում քրեական պատասխանատվությունից, որովհետև համաներման որոշումն ուժի մեջ մտնելիս նախաքննական մարմինը գործում խարդախության ևս մի դրվագ է մտցնում, ինչը կարևոր առանձնահատկություն ունի: Երբ մի մարդ ցույց է տալիս, որ Վոլոդյա Ավետիսյանը իրենից փող է պահանջել, բայց նույնիսկ նախաքննականն մարմինն է ընդունում, որ Ավետիսյանն այդ փողը չի վերցրել։ Այսինքն՝ փող տալ-առնել չի եղել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հարցնելով, թե որքա՞ն ժամանակ են կառավարությունն ու իշխանությունը շարունակելու նման քաղաքական հետապնդումները։
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ազատամարտիկի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական նպատակներ չի հետապնդել։ Նա հաստատեց, որ դեպքերից հետո Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպել է, ինչից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ:
«Բայց պայմանավորվածությունը չի կատարվել, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ ճշտումներ կկատարեմ ՀՀ ղեկավարության հետ, բայց ես նրան երբևիցե չեմ ասել Սերժ Սարգսյանի խոսքը՝ որպես պաշտպանության նախարար և որպես առնչություն ունեցող այդ խնդիրների հետ։ Պայմանավորվածությունը խախտվել է Վոլոդյա Ավետիսյանի կողմից, որովհետև մինչ իմ կողմից ճշտումներ կատարվելը, թե ի՞նչ ուղղությամբ ենք աշխատելու, ո՞վ է լինելու աշխատանքային խմբի ղեկավարը՝ արդյունքում շարունակել են իրենց գործընթացը»,- ասաց նա:
Նախարարը շեշտեց նաև, որ ծանոթ է ազատամարտիկի կենսագրությանը, անցած ճանապարհն ամբողջությամբ գիտի, գիտի այն մասին, որ նա պատերազմի և հետպատերազմյան տարիներին պաշտոնավարել է, եղել է գնդի հրամատար ու նաև գումարտակի հրամանատար։ Միաժամանակ Սեյրան Օհանյանն ասաց, թե Ավետիսյանը իրենց մարտական ընկերն է և ինքը չի ուզում նրա կենսագրությանը «կպնել»։
Ամեն դեպքում, ըստ նախարարի, «քրեական գործը հարուցվել է տեղին»:
ՀԱԿ խմբակցության պատգամավորն էլ հակադարձեց՝ ասելով, թե տպավորություն է ստեղծվել, որ ձեռք բերված պայամանավորվածությունը խախտեելու համար է բարձր ղեկավարությունը, «էլիտան» Ավետիսյանի դեմ քրեական գործ հարուցել։
Նա շեշտեց, թե չկա հոդված, որ Սերժ Սարգսյանի ասածը կամ Պաշտպանության նախարարի ասածը չկատարելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվեն մարդիկ: «Առնվազն համեներման պատկերն ամբողջացնում է այս պատկերը, որ շինծու գործով մարդուն պատժում են՝ Սերժ Սարգսյանի ասածը չանելու համար»,- նշեց նա։
Ի պատասխան Սեյրան Օհանյանը հորդորեց չխեղաթյուրել իր ասածները: