ԲՀԿ պատգամավոր. «Քառյակի օրակարգում չկա նախագահի հրաժարական». «Ազատություն»
«Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների երեկվա հանդիպման ընթացքում, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի քննարկվել:
«Այդպիսի հարց հանդիպման ժամանակ չի քննարկվել: Դա օրակարգի ճշտման ժամանակ ասել է Լևոն Զուրաբյանը: Ասել է, որ իրենց համար օրակարգում մշտապես եղել է և կա այդ հարցը: Որևէ մեկը դրանից հետո չի անդրադարձել արդեն [այդ հարցին]: Քառյակի օրակարգում չկա նախագահի հրաժարական»,- ասել է նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարություններին, թե իրենց նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է` Մարգարյանը նշել է, թե այդ հարցը մշտապես բարձրացնող ՀԱԿ-ը համաձայնել է այս փուլում համագործակցել կառավարության հրաժարակի շուրջ.
«Միտինգում Տեր-Պետրոսյանի ասածը հենց սրա մասին էր: Իրենց համար սա նախընտրելի էր, բայց քանի որ իրենք ևս կարևորում են չորսի համագործակցության ձևաչափը, իրենց համաձայնվում են այս ուղով գնալուն»:
Հարցին, թե հնարավոր է, որ կառավարության հրաժարականին հասնելուց հետո ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ի` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, պատգամավորն արձագանքել է. «Մենք ինքնանպատակ որևէ մեկի հրաժարականը պահանջելու խնդիր չենք դնում: Մենք դեմ ենք, համարում ենք վտանգավոր ցնցումներով որոշակի հարցեր լուծելը: Մենք գտնում ենք, որ այս փուլում կառավարությունը փոխելը երկրի համար շատ կարևոր է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի