Հանրապետության տարածքում որակյալ ջրամատակարարման ապահովումն առաջնահերթություն է
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ֆրանսիական «Saur» խմբի միջազգային տնօրեն Միշել Ֆուրեին:
Ողջունելով հյուրին` փոխվարչապետը նկատեց, որ խմելու ջրի ոլորտում «Saur»-ի հետ երկարատեւ համագործակցության դրական փորձ է առկա եւ խրախուսելի համարեց ընկերության գործունեության ընդլայնումը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կառավարիչ «Saur»-ն ընդգրկված է նորաստեղծ կոնսորցիումում, որն այս տարվանից ստանձնել է «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների կառավարումը:
Փոխվարչապետը նշեց, որ հանրապետության ողջ տարածքում որակյալ ջրամատակարարման ապահովման խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել կառավարության համար:
Թեեւ վերջին տարիներին «Հայջրմուղկոյուղի» ընկերության սպասարկման տարածքում ակնհայտորեն բարելավվել է ջրամատակարարումը` թե տեւողության, թե որակի առումով, սակայն դեռեւս շատ անելիքներ կան: Կառավարությունը շարունակում է ոլորտում կապիտալ ներդրումների ներգրավման քաղաքականությունը. մի շարք ծրագրեր են իրականացվում միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների` Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի հետ, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանն ու համակարգի տեխնիկական վիճակի բարելավմանը:
Անդրադառնալով մարզերում խմելու ջրի ոլորտում իրականացվող ծրագրերին` փոխվարչապետն ընդգծեց աշխատանքների` պատշաճ որակով եւ նախանշված ժամկետներում իրականացումը: Նա կարեւորեց ծրագրերն իրականացնող ընկերությունների սերտ համագործակցությունը տեղական մարմինների հետ, ինչպես նաեւ ընդգծեց բացատրական աշխատանքների անհրաժեշտությունը` առաջարկելով առավել մեծ ուշադրություն դարձնել հանրային իրազեկման պատշաճ կազմակերպման հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերությունը հանրության հետ աշխատանքների նոր ռազմավարություն կմշակի` հաշվի առնելով գործունեության ընդլայնման հանգամանքը:
Միշել Ֆուրեն իր հերթին ընդգծեց, որ ընկերությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ներկայացվածությանը եւ նշեց, որ Հայաստանում «Saur»-ի ծրագրերը կառավարման տեսանկյունից հաջողված են համարվում: Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում ներդրված կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներն արդեն կիրառություն են ստանում Հայաստանում, ինչն էապես բարձրացնելու է կառավարման արդյունավետությունը:
Միշել Ֆուրեն վստահեցրեց, որ ընկերությունը նույնպես կարեւորում է հանրային իրազեկման աշխատանքները եւ հավաստիացրեց, որ առավել մեծ ուշադրություն կհատկացվի այդ ուղղությանը: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց ոլորտի կառավարման ռազմավարական մոտեցումների մշակման հարցում համագործակցել կառավարության հետ եւ անհրաժեշտ փորձագիտական աջակցություն ցուցաբերել:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին