Գալուստ Սահակյանը՝ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների և «դատարկ դհոլի» մասին

«Ես զարմանում եմ, որ լրջության սահմանը քաղաքականության միջից կորել է, բոլորին չի կարելի լսել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հնչեցրած գնահատականին, թե շատերը իրենց հանդիպումից «միկրոնֆարկտ» կստանան:

«Ցանկացած հանդիպում, համաձայնություն, վերլուծություն քաղաքական դաշտում դրական է մեր պետության համար, այնպես որ՝ եթե հակառակ կողմը խանդեր ունի, մենք խանդ չունենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը շատերի մոտ առողջական խնդիրներ կառաջացնի, ապա Գալուստ Սահակյանը շտապեց հանգստացնել. «Չէ, վնաս չտվեց մեր առողջությանը, ավելի բարենորոգեց, բոլորս ավելի լավ ենք հիմա»:

Գ. Սահակյանն ասաց, թե շատ դրական է վերաբերում ոչ իշխանական ուժերի միջև տեղի ունեցող հանդիպումներին՝ միաժամանակակ նշելով. «Բայց սկզբունքորեն դեռևս չգիտեմ, թե ինչի շուրջ են հավաքվում, ինչ սկզբունքներ ու ինչ ծրագրեր ունեն: Դեռևս հանդիպումներ են հենց այդ նպատակով, թե ինչպիսի անհամաձայնություններ ձեռք կբերեն և ինչ քաղաքական որոշումներ կկայացվեն»:

Մեր հարցին, թե իշխանությունները չեն վախենո՞ւմ, որ այդ հանդիպումները կարող են իշխանության կորստի սպառնալիք դառնալ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե քաղաքականության մեջ «վախկոտները տեղ չունեն, քաղաքականության մեջ այդ բառն ընդհանրապես գոյություն չունի»: «Կարևորն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը քաղաքական դաշտում գործեն, յուրաքանչյուրն ունենա իր ուրույն դերակատարումը»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողմից հնեցրած հայտարարությանը, թե կան «դատարկ դհոլներ», ովքեր փորձում են սեպ խրել ոչ իշխանական ուժերի համագործակցության մեջ, Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ էր ուղղված այս հայտարարությունը:

«Ես հարվածային գործիքներին եմ տիրապետում, այնպես որ՝ բոլոր հարվածային գործիքներին չեմ տիրապետում: Դհոլը հին ազգային մշակույթ ունեցող գործիք է: Ինձ այլ գործիքների մասին հարցրեք: Ես չեմ սիրում այդպիսի ենթատեքստով բառեր: Երբ ես եմ խոսում, խոսում եմ մարդկանց ներկայությամբ, իրենց ճակատներին ու հետադարձ որոշումներ չեմ կայացնում՝ իմ ասելիքն ամրապնդելու համար»,- հակադարձեց նա:

Տեսանյութեր

Լրահոս