Վարդան Այվազյան. Ո՞նց են հաշվեհարդար տեսնելու, կախելո՞ւ են, ուտելո՞ւ են, ի՞նչ են անելու
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հավաստիացնում է՝ իշխող Հանրապետական կուսակցությունը վախեցած չէ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոչ իշխանական ուժերի միջև տեղի ունեցող հանդիպումներից: «Մենք ոչ մի բանից չենք վախենում»,- ասաց Վարդան Այվազյանը՝ ավելացնելով, թե իրենք չեն էլ վախենա այն դեպքում, երբ այդ ուժերը փողոց դուրս գան: «Բայց ինչի՞ց պետք է վախենամ, ես չեմ հասկանում, մի հատ բացատրեք»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ ինքը մտահոգված է այն մարդկանց խնդիրներով, ովքեր դուրս են գալիս փողոց: Վ.Այվազյանը շեշտեց, թե ինքը մտահոգված չէ նույնիսկ նրանով, որ ոչ իշխանական ուժերը լծակներ ձեռք կբերեն ու հաշվեհարդար կտեսնեն: «Այսինքն՝ ո՞նց են հաշվեհարդար տեսնելու, կախելո՞ւ են, ուտելո՞ւ են, ի՞նչ են անելու: Ի՞նչ ենք արել, որ պատասխանատվության ենթարկեն, որ աշխատել ենք, դրա համար պիտի ենթարկե՞ն: Եթե պատասխանատվությանը այդպես նայենք, դեռ շատ մարդ կա, որ պատասխանատվության պիտի ենթարկեն՝ թե էստեղ, թե էնտեղ»,- նշեց նա:
Հարցին, թե ո՞ւմ նկատի ունեք, ո՞ւմ է պետք պատասխանատվության ենթարկել, Վ. Այվազյանը պատասխանեց. «Համենայնդեպս՝ ոչ ինձ: Օրինակ դուք ո՞ւմ նկատի ունեիք, որ ասեցիք պատասխանատվության ենթարկեն: Եթե ես մեղք եմ գործել, անկախ նրանից, որ եթե այս կյանքում պատասխանատվության չենթարկվեմ, Աստծո առաջ պատասխանատվության կենթարկվեմ»: