Վարդան Այվազյանը՝ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման մասին. Բարի վայելեն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները ոչ իշխանական ուժերի հետ մտահոգիչ չեն իշխող մեծամասնության համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ, իսկ օրեր առաջ` ՀՅԴ ԳՄ անդամների հետ: «Արտառոց բան չեմ տեսնում հանդիպումների մեջ: Ինձ համար մտահոգիչ են տնտեսական, սոցիալական շատ այլ խնդիրներ: Այնպես որ՝ հանդիպում է, բարի վայելեն»,- ասաց Վարդան Այվազյանը:
Մեր հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ ոչ իշխանական ուժերը փողոց դուրս կգան, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե «մի քանի անգամ փորձել են արդեն մարդկանց փողոց հանել», բայց ապարդյուն: «ՀՀ-ում շատ խնդիրներ կան, որ մենք լուրջ պրոցեսների առաջ ենք կանգնած, նոր ուժային կենտրոններ են լինում, ու մենք խնդիր ունենք սրանցից օգուտով դուրս գալու: Սա է ավելի շատ մտահոգիչ, քան որևէ այլ բան»»,- նշեց նա:
Մեր հարցին՝ արդյոք ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից «միկրոինֆարկտ» տարե՞լ եք, ինչպես երեկ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, Վարդան Այվազյանը նախ պատասխանեց. «Ես չգիտեմ, համենայնդեպս, չեմ գտնում, որ մենք առողջական խնդիրներ ունենք»: Ապա նա հեգնեց՝ նշելով. «Տեսքիցս երևում է, որ մի երկու հատ տարել եմ արդեն, չեմ կարծում, որ դրանից մեկը կարող է «միկրոինֆարկտ» տանել, հանդիպում էր, նորմալ էր»: