
ՌԴ միգրացիոն նոր օրենքի 220 հազար տուժածները. ի գիտություն ՌԴ մեկնել պատրաստվողներին. ԳԱԼԱ

Ըստ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության հրապարակած տվյալների՝ արդեն շուրջ 220 հազար քաղաքացի սեփական օրինակի վրա են զգացել միգրացիոն օրենքի փոփոխության բացասական հետևանքները, ընդ որում՝ նրանցից շուրջ 50 հազարին 3-5 տարով արգելվել է մուտք գործել ՌԴ տարածք, իսկ 170 հազարը խախտել են այդ օրենքով սահմանված ժամանակահատվածը, որի արդյունքում էլ նրանց հայտնաբերելու ժամանակ՝ կիրառվելու է արտաքսման պատժամիջոցը: Համաձայն օրենքի՝ ՌԴ մեկնող քաղաքացիներին չի թույլատրվում գերազանցել այդ երկրի տարածքում գտնվելու 90 օր ժամանակահատվածը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը նշել է, որ միգրացիոն նոր օրենքը հիմնականում վերաբերում է ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտներին, սակայն հիմնականում այն զանգվածին, որը ՌԴ տարածք է մուտք գործում առանց օրինական որևէ կարգավիճակի: Եթե այդ երկրի տարածքում գտնվող այլ երկրի քաղաքացիներ ունեն համապատասխան փաստաթղթերը և իրենց գործատուի հետ վաղօրոք կնքված աշխատանքային պայմանագիր, ապա այս օրենքի խստացումը տվյալ անձանց չի սպառնում: Ժողովրդագրագետի հավաստմամբ՝ օրենքի հիմնական նպատակն է վերացնել ստվերայնությունը և միգրացիան տեղափոխել օրինական դաշտ:
«Նորմալ, օրինապահ աշխատանքային միգրանտի վրա այս օրենքը չի տարածվում: Ունես մի տարով պայմանագիր՝ հստակ գործատուի հետ կնքած, խնդրեմ, աշխատի»,- նշել է Ռ.Եգանյանը: Վերջինս մանրամասնել է նաև Հայաստանում ՌԴ միգրացիոն ծառայության հրապարակած տվյալների արդյունքները, ըստ որի՝ ՀՀ 220 հազար քաղաքացիների վրա արդեն իսկ ազդել է օրենքի խստացումը: Այս կապակցությամբ բանախոսը հայտնեց. «50 հազարը արդեն 3-ից 5 տարով չի կարող Ռուսաստան մտնել, իսկ 170 հազարին՝այդ համակարգը ավտոմատացված ցույց է տալիս, որ չունենալով օրինական իրավունք՝ նրանք 3 ամսից ավելի արդեն գտնվում են ՌԴ տարածքում և խախտել են այդ օրենքը: Նրանք եթե որևէ կերպ հայտնվեն միգրացիոն ծառայության կամ ոստիկանության տեսադաշտում, նրանց հետ նույն ձևով կվարվեն՝ կարտաքսեն ՌԴ տարածքից»:
ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուսական կողմը արդեն տեղեկացրել է նաև 34 հազար այլ քաղաքացիների մասին, այդ թվում նաև մեր հայրենակիցները, ովքեր այլևս իրավունք չունեն մուտք գործել Ռուսաստան առնվազն 3 տարով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: