
Հայ-սերբական տնտեսական հարաբերությունները խթանման կարիք ունեն. Սերբիայի ԱԳ նախարար

«Հայաստանը և Սերբիան ապացուցել են, որ գիտեն, թե ինչպես օգտակար լինել միմյանց, բայց առևտրային և տնտեսական հարաբերությունները հեռու են առկա ներուժը ողջ ծավալով իրականացնելուց և կարիք կա դրանք խթանելու: Սերբիան շահագրգռված է ավելացնելու Հայաստանի հետ իր առևտրաշրջանառությունը և բազմազանեցնելու տեսականին»,- այսօր հայ-սերբական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչը՝ նշելով, որ նախկինում երկկողմ առևտրաշրջանառությունն աննշան ծավալի էր:
Ըստ նրա՝ կշարունակվի արդյունաբերական ապրանքների և շինարարական նյութերի արտահանումը, բայց Սերբիան մեծ ներուժ ունի նաև գյուղատնտեսական ապրանքների, սննդի վերամշակման, նավթի արդյունաբերության, դեղագործական, քիմիական արդյունաբերության, տուրիզմի, գիտական ոլորտում և դրանք պետք է հետազոտել: Մրկիչի խոսքով՝ 2 երկրների տնտեսական հարաբերությունները կշահեն ավիաոլորտում համագործակցությունից և ուղիղ չվերթների իրականցման արդյունքում. «Մեր համագործակցությունը կշահի նաև հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացումից, մասնավորապես՝ առևտրաարդյունաբերական պալատների: Այսօրվա հանդիպումները գործարարների միջև խթան կհանդիսանան մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»: