Հայաստան-Սերբիայի առևտրաշրջանառության ծավալը բավարար չէ. Ռոբերտ Հարությունյան
2013 թ-ին Հայաստանի և Սերբիայի միջև առևտրաշրջանառության ծավալները բավականին կտրուկ աճել են և հասել 8.5 մլն դոլարի, որից 5.5 մլն դոլարը մեր երկրից հանքահումքային արդյունաբերության արտահանումն էր: Ինչպես այսօր Հայաստան-Սերբիա գործարար համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ-ից արտահանվել է պղնձի խտանյութ, և միայն դա արդեն 5.6 մլն դլար է կազմել: Ըստ նրա՝ մնացածը հիմնականում Սերբիայից տարբեր ապրանքների ներմուծումն է, այդ թվում՝ սննդամթերքի, որոշակի դեղամիջոցների:
«Շատ չնչին է առևտրաշրջանառությունը: Եթե հանենք այդ 5 մլնը, կարծում եմ՝ բավարար չէ: Սա առաջին քայլերից մեկն է, որ նոր-նոր սկսում ենք Սերբիայի հետ համագործակցության եզրեր փնտրել: Ճիշտ է, Երևան ժամանած ընկերությունների քանակը բազմաթիվ չէ, դրանք 7-8-ն են, բայց դա նորմալ է, որովհետև իրենք էլ պետք է ՀՀ-ն բացահայտեն իրենց համար և այլ երկրների հետ մեր փորձը նոյն կերպ է եղել»,- ասաց Ռ. Հարությունյանը՝ հավելելով, որ տարբեր բնագավառների ընկերություններ են ժամանել՝ մետալուրգիա, սննդի արտադրություն, տուրիզմ, ծառայությունների ոլորտ:
Ըստ նրա՝ իրենց հետ կարելի է խոսել հայկական սննդի հումքի օգտագործման մասին. «Մեզ համար էլ դեռևս Սերբիան մանրամասնորեն բացահայտված չէ: Հուսով ենք, ասօրվա քննարկումները թույլ կտան լուրջ գիտելիքներ ստանալ իրենց տնտեսության մասին»: