
Իսրայելի խորհրդարանը միաձայն ընդունել է «Իշխանության կայունության մասին» օրենքը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել «Իշխանության կայունության մասին» օրենքը: Քանի որ ընդդիմադիր կուսակցություններն ամբողջովին բոյկոտել են քվեարկությունը, օրենքն ընդունվել է միաձայն:
Դրա համաձայն, խորհրդարան մուտք գործելուն հավակնող կուսակցությունների համար ընտրական շեմը 2 տոկոսից բարձրացվում է մինչև 3.25 տոկոսի: Բացի այդ, սահմանափակվում է նաև կառավարությունում նախարարների քանակը, որը չպետք է լինի 18-ից ավելին, ընդ որում՝ յուրաքանչյուր նախարար չպետք է ունենա ավելի քան 4 տեղակալ:
Վերացվում է նաև «առանց պորտֆելների նախարարներ» նշանակելու պրակտիկան և սահմանափակվում է ընդդիմության կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հնարավորությունը (այսուհետ նման պահանջ ներկայացնելը հնարավոր է դառնում ամսական մեկ անգամ):
Այդ բոլոր նորամուծությունների հակառակորդները դրանք որակում են որպես հակաժողովրդավարական՝ ընդգծելով, որ այդ ամենը միտված է իշխանությունն իշխող դաշինքի ձեռքերում կենտրոնացնելուն: