
ՌԴ-ի կազմի մեջ մտնելուց հետո Ղրիմում ժամանակավորապես կթույլատրվի երկու արժույթի կիրառումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կազմ մտնելուց հետո Ղրիմում կարող է թույլատրվել միաժամանակ երկու արժույթի՝ գրիվնայի ու ռուբլու կիրառումը: Այս մասին հայտարարել է Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը.
«Ես կարծում եմ, որ երկու արժույթի՝ գրիվնայի ու ռուբլու կիրառումը անհրաժեշտ միջանկյալ փուլ է: Մարդկանց ձեռքերում առկա է բավական շատ գրիվնա: Մեր առաջադրանքը կայանում է նրանում, որ մարդիկ չունենան խնդիրներ: Երկու արժույթի կիրառմամբ անցումային փուլը կարող է տևել մինչև կես տարի, սակայն աշխատավարձը փոխանցվելու է ռուբլով: Խանութներում նույնպես կգործի ռուբլին»:
Կոնստանտինովը չի բացառել, որ Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելուց հետո Սևաստոպոլը կպահպանի իր հատուկ կարգավիճակը: Նա ընդգծել է, որ հարցումների համաձայն, Ղրիմի բնակիչների 80 տոկոսը կողմ է Ուկրաինայից անջատվելուն: Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին: