Բաժիններ՝

ԱՄՆ, Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան. Էրդողան-Գյուլեն հակամարտությունը ձեռք է բերում միջազգային հնչեղություն. HDN

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ-ում բնակվող իսլամական, հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի միջև հակամարտությունը գնալով ձեռք է բերում միջազգային հնչեղություն:

Այս տարվա փետրվարին վերջին ավելի քան 6 ամսվա ընթացքում Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց ունեցան: Կես ժամ տված այդ զրույցի ընթացքում որոակի տվյալներով՝ Էրդողանն Օբամային մտահոգություն է հայտնել Ֆեթհուլլահ Գյուլենի ծավալած գործունեության կապակցությամբ:

Ավելի ուշ՝ մարտի 6-ին, Էրդողանը հեռուստաեթերում հաստատեց, որ Օբամայի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է այդ հարցը, և որ ԱՄՆ-ի նախագահը դրան արձագանքել է դրականորեն՝ ասելով, որ «ուղերձն ընդունված է»: Սակայն Սպիտակ տունը հերքել է Էրդողանի այդ խոսքերը:

Միևնույն ժամանակ մարտի 6-ին Էրդողանը Պակիստանի Փենջաբ նահանգի իշխանություններին կոչ է արել փակել նահանգի տարածքում գործող դպրոցները, որոնք կապված են Գյուլենի շարժման հետ: Հաղորդվում է, որ Պակիստանի տարածքում առկա է գյուլենական 18 ուսումնական հաստատություն:

Էրդողանը նաև մեկնաբանել է Ադրբեջանում ու Ղազախստանում գյուլենական դպրոցների փակումը՝ ընդգծելով, որ իրեն հայտնի չէ այդ մասին: Թուրքական մամուլի պնդմամբ՝ Ադրբեջանում առկա է Գյուլենի շարժման հետ կապված 13 դպրոց, 1 համալսարան և 13 նախապատրաստական ուսումնական հաստատություն (դերսհանե):

Երկու տարի առաջ այդ բոլոր ուսհիմնարկները տրվել են SOCAR պետական նավթային ընկերությանը, սակայն պահպանել են իրենց ղեկավարությանը, դասավանդողներին ու ուսումնական ծրագրերը: Թուրքիայի իշխանամետ թերթերը վստահեցնում են, որ Գյուլենի շարժմանը հաջողվել է ներթափանցել Ադրբեջանի պետական ապարատ և ազդել երկրում որոշումների ընդունման գործընթացի վրա:

Wall Street Journal-ի տվյալներով՝ Գյուլենի շարժումն աշխարհի 160 երկրում ունի ավելի քան 2000 ուսումնական հաստատություն՝ դպրոցներ, համալսարաններ, համալսարանների ֆակուլտետներ, կրոնական դասընթացների հաստատություններ, լեզվական դպրոցներ և այլն:

1 wsj schools 2 crackdown

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս