Բոլորն՝ ընդդեմ ՀՀԿ-ի
ԱԺ-ն քիչ առաջ դեմ քվեարկեց Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծին: Մինչ քվերակությունը, նախ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են Մարտի մեկի բացահայտմանը, ուստի կողմ են քվեարկելու:
ՀՀԿ խմբակցության անունից խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:
«Ամենաշատը մենք ենք լուրջ մոտենում այս հարցին ու դրա ամբողջական պատասխանատվությունը մեզ վրա է, և նրանք, ովքեր մտածում են, որ կկարողանան շոուներ ստեղծել, մեզ համար այդ ճանապարհներն ընդունելի չեն: Քննարկել ենք, եկել ենք այն եզրակացության, որ նպատակահարմար չէ հանձնաժողով ստեղծելը ու մենք դեմ ենք քվեարկելու»,- ասաց Գ. Սահակյանը: Օրինագծի հիմնական զեկուցող, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հակադարձեց Գալուստ Սահակյանին՝ նշելով.
«Բնականաբար, շոուի նպատակ, համենայնդեպս ես, որպես հիմնական զեկուցող, չեմ հետապնդել: Ցավում եմ, որ որևէ բովանդակային առաջարկ նախագծի քննարկման ժամանակ, նախագծի վերաբերյալ չհնչեց: Զարամանում եմ՝ բոլորը կողմ են, որ գործը բացահայտվի, մարդասպանները պատժվեն, իրավապահները ոչինչ չեն անում, մենք էլ մենք ձեռքից եկածը չենք անում: Մենք էլ պատասխանատու ենք այս երկրում կատարված սպանությունների, վիրավորների համար»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, փորձեց հակադարձել Գալուստ Սահակյանին, աելով, թե որևէ շոուի նպատակ իրենք չեն հետապնդում, բայց ԱԺ նախագահը հորդորեց անջատել Հակոբյանի խոսափողը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե նախորդ հանձնաժողովների կատարած աշխատանքները ոչ մի կապ չունեն իրենց կողմից ներկայացված նոր նախագծի հետ, քանի որ այս հանձնաժողովը ոչ թե փաստահավաքությամբ էր զբաղվելու, այլ գնահատական էր տալու մինչ այս Մարտի 1-ի գործով իրավապահ մարմինների կատարած աշխատանքներին:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ ով դեմ քվեարկի այս նախագծին, իր վրա է վերցնում արդարատատության խոչըդոտման և 10-ը սպանվածների արյան ամբողջ պատասխանատվությունը:
Վերջում, Ռուբեն Հակոբյանը, ում խոսափողը Հ. Աբրահամյանը հորդորել էր անջատել, իր տեղից բղավեց, թե ԱԺ նախագահը կանոնակարգն է խախտում՝ իր խոսափողն անջատելով: