Սպիտակ տունը հերքել է, թե Օբաման ու Էրդողանը քննարկել են Գյուլենի հարցը
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ` Սպիտակ տունը հերքել է թուրքական մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև տեղի ունեցած վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական, հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մագնուսոնը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, որ Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր.
«Մեր երկրում դժգոհության աղբյուրը գտնվում է ԱՄՆ-ում, և մենք ձեզանից սպասում ենք համապատասխան քայլեր»: Ի պատասխան` Օբաման, իբրև թե, պատասխանել է, որ ամեն ինչ հասկացել է:
Հիշեցնենք, որ Էրդողանը երեկ հայտարարել է, որ կարելի է հասնել ԱՄՆ-ից Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնմանը: