ԲՀԿ-ականները Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատության մասին. ԳԱԼԱ

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի համար այնքան էլ ընդունելի չէ «Իվանիշվիլի-Ծառուկյան» համեմատությունը: «Միայն մեկ ձեւով կարող է համեմատություն լինել՝ նա էլ այն մարդն էր, որ ուզում էր իր երկրի լավը, Գագիկ Ծառուկյանն էլ այն մարդն է, որ այս երկրի լավն է ուզում եւ վերջ: Էլ ուրիշ համեմատություն անել չեմ կարող»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Վ. Բոստանջյանը՝ վստահեցնելով, թե ի դեմս Գագիկ Ծառուկյանի՝ հայ ժողովուրդը ունի մի զավակ, որը մտահոգ է տեղի ունեցող բոլոր խնդիրներով:

Հարցին, թե երկրի լավը ուզելու հետ մեկտեղ Գագիկ Ծառուկյանը պատրաստ կլինի՞ գործնական քայլերի, պարոն Բոստանջյանը պատասխանել է. «Ես ճանաչում եմ Գագիկ Ծառուկյանին եւ մեր համատեղ աշխատանքի ընթացքում միշտ տեսել եմ, որ ինչ որ ձեռնամուխ է լինում, նա կատարում է մեծ պատվախնդրությամբ: Մեր ցանկությունն է, որ այս իշխանությունները ծառայեն ժողովրդին, հիմա դա թե իշխանափոխությունով կլինի, թե ոչ մի բանով, դա կարևոր չէ, կարևորը, որ ծառայեն ժողովրդին»:

Վարդան Բոստանջյանը չի բացառել, որ այս ընթացքում ԲՀԿ-ականների եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների ճնշումները ուժեղացվեն. «Կյանքն է միշտ ցույց տվել, որ իշխանությունների համար պայքարը մեծ է, եւ իշխանության համար պայքարում բոլոր օրինական եւ ոչ օրինական միջոցները կիրառելի են»:

ԲՀԿ-ական մեկ այլ գործիչ Ստեփան Մարգարյանն ասել է. «Երկրում կա՞ որեւէ մեկը, որ չլինի խոցելի: Բայց Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է կորուստների՝ հասարակության վստահությունը չկորցնելու համար: Եվ այդ խոսքում ասված է ամեն ինչ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս