Կիևում մարդկանց վրա կրակած դիպուկահարներին վարձել են «Մայդանի» առաջնորդները. սկանդալային ձայնագրություն
Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է մի աուդիոձայնագրություն, որում Ուկրաինայի հարցը քննարկում են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը:
Ելնելով նկարագրությունից՝ այդ աուդիոձայնագրությունը հայտնվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների տրամադրության տակ: Այն հաստատում է «Մայդանի» դիպուկահարների ու ընդդիմության առաջնորդների միջև կապի առկայությունը:
Զրույցի ընթացքում եվրոպացի դիվանագետները քննարկում են իրենց տպավորությունները Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զրույցի ժամանակ Պաետը հայտնում է, որ Կիևում մարդկանց վրա կրակած դիպուկահարներին վարձել են «Մայդանի» առաջնորդները: Պաետը նշում է, որ իրեն ցուցադրած բոլոր հանցանշանները վկայում են, որ թե՛ ցուցարարներին, թե՛ իրավապահներին սպանել են նույն դիպուկահարները:
Նա մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի նոր կոալիցիան չի ցանկանում հետաքննել այդ դեպքերը՝ ընդգծելով, որ այժմ ակնհայտ է դառնում, որ այդ դիպուկահարների հետևում կանգնած է եղել ոչ թե Յանուկովիչը, այլ՝ նոր կոալիցիայից ինչ-որ մեկը: Պաետի խոսքերով՝ եթե այդ պատմությունը պարզվի, ապա դա անմիջապես կվարկաբեկի նոր կոալիցիային: