
Ջոն Քերին Ղրիմի հարցը քննարկել է Տուրչինովի ու Յացենյուկի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ երեկ Կիևում տեղի է ունեցել Ուկրաինա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու վարչապետ Արսենի Յացենյուկի համատեղ հանդիպումը:
Ջոն Քերին հայտարարել է, որ տեսնելով Կիևը՝ համոզվել է, որ ուկրաինացիներն անկեղծ պայքար են մղում իրենց ազատության համար: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ուկրաինային, նրան տրամադրելու է 1 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն, ինչպես նաև մշակում է ավելի լայն օգնության ծրագրեր:
Քերիի խոսքերով՝ ԱՄՆ-ը շատ լուրջ է վերաբերվում Բուդապեշտյան հուշագրով Ուկրաինային տված երաշխիքների հարցում իր պարտավորությունների կատարմանը: Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել Ղրիմի զարգացումները:
Քերին խոստացել է, որ ԱՄՆ-ը օգնելու է Ուկրաինային, որպեսզի վերջինս լուծի Ռուսաստանի հետ իր տնտեսական խնդիրները (շոկոլադ, գազի գին և այլն): Քերին Ուկրաինայի նոր իշխանություններին օգնություն է խոստացել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ինչը մասնավորապես առնչվում է կոռուպցիոն ճանապարհով նախկին չինովնիկների ստացված ակտիվների բացահայտմանը ու դրանք Ուկրաինային վերադարձնելուն: