Դավիթ Շահնազարյան. ՌԴ-ն իր քաղաքականությունը շարունակելու է որոշակի իրականացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցով (տեսանյութ)

«Ոչ մի պատերազմ էլ չի լինի Ղրիմում. ակնհայտ էր, որ Ռուսաստանն իր խաղն է ունենալու, որի մի մասն էլ կազմելու է Ղրիմը: Ռուսաստանը նախապես թելադրում է իր նախապատվությունները, մինչ կոնֆլիկտի լուծումը »,- «Մեդիա կենտրոնի» փոխանցմամբ՝ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ Ռուսաստանը պատերազմի պատրվակ էր փնտրում. «Ուկրաինայի ներկայիս լեգիտի´մ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ»:

Դ. Շահնազարյանի կարծիքով՝ հիմա կոնֆիդենցիալ մակարդակով ինտենսիվ երկխոսություն է գնում Ռուսաստանի և Արևմուտքի, Ռուսաստանի և ԱՄՆ միջև. «Ամեն ինչ կախված է նրանից, թե մոտ ապագայում ինչ համաձայնության կգան: Ռուսաստանն, ըստ էության, փորձ է անում ձևավորել նոր աշխարհակարգ»:

Այն, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի մեկնաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, բանախոսների կարծիքով՝ ճիշտ դիրքորոշում է. ինչպիսի Ուկրաինա էլ ձևավորվի, Հայաստանը շարունակելու է փոխհամագործակցությունը: «Թող շարունակենք պահպանել այսպիսի լռություն»,-ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն առանց ազդեցության չեն թողել նաև  Կովկասը. « Ազդեցություն, իհարկե, կա: Հետևելով ադրբեջանական հրապարակումներին հասկանում ես՝ սկզբում Ադրբեջանը էյֆորիայի մեջ էր, հիմա էլ խուճապ է, – ասում է Իսկանդարյանը,- պարզապես պետք է հասկանանք նաև, որ Հարավային Կովկասն այն նշանակությունը չունի Ռուսաստանի համար, ինչ Ուկրաինան, չպետք է գերագնահատել Կովկասի դերը:

Դ. Շահնազարյանի կարծիքով՝մեր տարածաշրջանում կարևորագույն խնդիր է Վրաստանը, և Ռուսաստանը փորձելու է լուծել այս հարցը. «Իսկ Ուկրաինայում քիչ թե շատ իրավիճակը հանգստացնելուց հետո, Ռուսաստանն իր քաղաքականությունը շարունակելու է որոշակի իրականացնել Լեռնային Ղարաբաղի  խնդրի հարցով: Եվ որ Ռուսաստանի համար ամենակարևոր խնդիրներից մեկն է մեր տարածաշրջանում՝ Իրան-Արևմուտք երկխոսությունն ու զարգացումներն են, որին Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է խոչընդոտել»:

Տեսանյութեր

Լրահոս