Լևոն Տեր-Պետրոսյանի մեսիջն ուղղված էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև` ամբողջ գործարար աշխարհին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաև պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաև խոշոր բիզնեսի առանձին ներկայացուցիչներ: Այս առումով, հակադարձելով նրանց, ովքեր թերահավատորեն են մոտենում ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված «պատգամներին», ասել էր, «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից: Հիմա ինչո՞վ է պակաս Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից»:

Մեզ հետ զրույցում, պատասխանելով առաջին նախագահի հարցադրմանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հավաստիացրեց, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ բանով պակաս չէ Վրաստանի մեծահարուստ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիից, հակառակը` ինչ-որ տեղ ավելի է:

«Երբ Իվանիշվիլին քաղաքականություն մտավ, հայտարարեց, որ իր թիմով մասնակցելու է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, և այդ ժամանակ մոտավորապես նույն գնահատականներ էր տալիս երկրի առջև ծառացած խնդիրներին, ինչ Գագիկ Ծառուկյանը: Ինչ-որ տեղ Գ. Ծառուկյանն ավելի է. նա երկար ժամանակ քաղաքական կուսակցության ղեկավար է, իսկ Իվանիշվիլին չուներ քաղաքական թիմ, նա ստեղծեց այդ թիմն ու դրանով գնաց ընտրությունների, իսկ Գ. Ծառուկյանն ունի պատրաստի թիմ»,- ասաց նա:

Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանն Իվանիշվիլիից պակաս է հենց նրանով, որ նախագահի հրաժարականը չի պահանջում, չի գնում փափուկ իշխանափոխության ուղիով, ինչպես ասում էր Լ. Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորը նկատեց, թե «ավելի փափուկ, քան հիմա կառավարությանն անվստահություն հայտնելն է, չի լինում»:

Կարդացեք նաև

Ըստ նրա` առաջին նախագահի ելույթում ինչ-որ իմաստով կար նաև մեսիջ այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ միասնական ընդդիմության առաջնորդ: «Եթե անմիջապես համեմատում ենք Իվանիշվիլիի հետ, նա իսկապես դարձավ վրացական ընդդիմության առաջնորդ: Բայց Տեր-Պետրոսյանի խոսքը կոնտեքստից եթե չկտրենք, ապա տեսանելի կլինի, որ նրա մեսիջները հետևյալն են` ՀԱԿ-ը չի հավակնում անպայման իր շուրջը հավաքելու և նույնն, ի դեպ, ԲՀԿ-ի պարագայում է: ԲՀԿ-ն կողմ է հասարակական-քաղաքական կոնսոլիդացիայի, և Տեր-Պետրոսյանը հանրահավաքում դա հայտարարեց, և որևէ մեկը չասաց` եկեք մեր շուրջ հավաքվեք»,- բացատրեց նա:

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ԲՀԿ նախագահը ցանկություն ունի՞ դառնալ ընդդիմության առաջնորդ: Ի պատասխան` Ստեփան Մարգարյանն ասաց, թե Գագիկ Ծառուկյանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու այդպիսին, եթե, իհարկե, միավորված ընդդիմություն ձևավորվի:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ հանրահավաքի ժամանակ բավական հետաքրքիր շեշտադրումներ էր պարունակում:

«Կարծում եմ` բավական հետաքրքիր, անկեղծ, ինչ-որ առումով նաև համարձակ ելույթ էր: Այն համարձակ էր քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի դերի մասով: Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը գիտեր, թե ինչ քաղաքական պատասխանատու հայտարարությամբ է հանդես գալիս, ի՛նչ հարվածներ կարող էին հետևել այդ ելույթին, որոնց մենք ականատես եղանք: Եվ այս ամենի մասին իմանալով հանդերձ, նա շատ պարզ արտահայտեց իր տեսակետը, և ես գնահատում եմ նրա համարձակությունը, անկեղծությունը»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Ինչ վերաբերում է առաջին նախագահի` ոչ իշխանական ուժերի համախմբվածության կոչին, ապա Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, թե իրենք ևս այդ մասին դեռևս ամիսներ առաջ խոսել են: «Իհարկե, գոնե մեզ համար նորություն չէր, որ ի վերջո խորհրդարանի կտրվածքով չորս ոչ իշխանական ուժերի համախմբումը դարձել է ժամանակի անհրաժեշտ պայման: Այս մասին դեռ 6-7 ամիս առաջ հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, առնվազն երեք անգամ ես ԱԺ ամբիոնից` խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համախմբումը` որպես իշխանափոխության անհրաժեշտություն, նույնպես բարձրաձայնել եմ:

Իհարկե, այս հարցում հեղինակային իրավունքի խնդիր չկա, որովհետև հասարակության պահանջն է, ժամանակի պահանջն է քաղաքական ընդդիմությանը միավորված տեսնել: Այս առումով, ես ողջունում եմ Տեր-Պետրոսյանի ելույթը»,- շեշտեց նա:

Մեր հարցին, թե ինչո՞վ է «պակաս Գագիկ Ծառուկյանն Իվանիշվիլիից», Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, թե չէր ցանկանա անդրադառնալ այդ հարցին:

«Հարցադրումը դիտում եմ հռետորական»,- պատճառաբանեց նա: Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետներին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, համեմատելով ԲՀԿ առաջնորդին Վրաստանի նախկին վարչապետի հետ, նրան հռչակում է ընդդիմության առաջնորդ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Իմ կարծիքով` այդ մեսիջն ուղղված էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև` ամբողջ գործարար աշխարհին: Իրականությունն այն է, որ առանց գործարարների մասնակցության դժվար է պայքարն ավարտին հասցնել և, ըստ էության, եթե լրջորեն դիտարկենք ստեղծված վիճակը, ապա լուրջ գործարարները նույնպես տուժում են այս համակարգից, և ժամանակն է, որ նրանք գիտակցեն այս հանգամանքը»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ հեգնեց. «Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը, և Գագիկ Ծառուկյանը մի բան էլ ավել են Իվանիշվիլիից»: Նրա խոսքով` նրանք Վրաստանի մեծահարուստից պակաս չեն, «մի բան էլ ավել են», ուստի, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ իրենք, կարող են առաջադրվել` որպես նախագահի թեկնածու: Սահակյանը նշեց, թե ինքը Տեր-Պետրոսյանի ելութում առանձնապես մեսիջներ չի տեսել։ «Այն, ինչի մասին խոսվեց, ամեն օր ԱԺ-ում մենք էլ ենք խոսում, ընդդիմությունն էլ է խոսում, նորություն չկար: Մարտի մեկ էր, պիտի զանգվածին մի բան ասեին, բայց իրենք պատրաստ չէին ինչ-որ բան ասելու»,- նշեց Գ. Սահակյանը:

Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե առաջին նախագահը Գ. Ծառուկյանի մասին իր ելույթի ենթատեքստում, ըստ էության, ընդդիմության առաջնորդ հռչակեց հենց ԲՀԿ առաջնորդին, ապա Գալուստ Սահակյանն ասաց. «Ես վաղուց եմ նկատել, որ ընդդիմության մեջ պայքար կա` ով է ավելի լավը, ով է ավելի արմատական: ՀԱԿ-ն օգտվում է ԲՀԿ-ի կապիտալից, բայց մոռանում են, որ այդ կապիտալն անընդհատական չի կարող լինել, որ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է իր կապիտալը ստեղծում: Չեմ ուզում այստեղ խորը գնահատականների արժանի մի բան գտնել. ժողովուրդ են, պիտի հավաքվեն, մի բան ասեն, խոսք էր, որն անընդհատ կրկնվում էր»:

Միաժամանակ Գալուստ Սահակյանը շեշտեց, որ եթե նույնիսկ ՀԱԿ-ն անուղղակիորեն Գագիկ Ծառուկյանին առաջարկում է դառնալ միասնական ընդդիմության առաջնորդ, ապա Գ. Ծառուկյանը դժվար թե նման ցանկություն ունենա: «Գագիկ Ծառուկյանը, համենայնդեպս, նման միտումներ չի դրսևորում այնքան ժամանակ, և հետո, եթե նա ուզենար կոշտ ընդդիմություն լինել, ինքը կաներ դա, ինքը կհայտարարեր այդ մասին, ու չեմ կարծում, որ այլ քաղաքական ուժերի հետ միանալով դա կաներ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս