Խորտակվենք միասին

ՌԴ-ն փաստացի պատերազմ է հայտարարել Ուկրաինային, ռուսական զորքը ժամ առ ժամ ավելանում է Ղրիմում, և ցանկացած պահի Պուտինը կարող է կիրառել Դաշնային խորհրդի կողմից իրեն տրված իրավունքը՝ Ղրիմում ռազմական գործողություններ սկսելու մասին: Միջազգային հանրությունը փորձում է պատերազմի սպառնալիքը կանխել առայժմ դիվանագիտական ճանապարհով, այդ թվում` սպառնալով ոչ միայն ռազմական աջակցություն ցույց տալ Ուկրաինային, այլ նաև քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ:

Չնայած դեռևս որևէ կոնկրետ պատժամիջոց չի կիրառվել, սակայն ռուսական տնտեսությունն արդեն իսկ արձագանքել է տեղի ունեցող գործընթացներին. երեկ ռուսական ռուբլին շարունակել է արժեզրկվել, արժեզրկվել են նաև ռուսական խոշորագույն կորպորացիաների («Գազպրոմ», «Սբերբանկ», «Ռոսնեֆտ» և այլն) բաժնետոմսերը, արժեթղթերի շուկայի խաղացողները խուճապի մեջ են: Սրանք ընդամենն առաջին աշխատանքային օրվա արդյունքներն են:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանի տնտեսության հետ, եթե, Աստված մի արասցե, Ղրիմում ռազմական գործողություններ սկսվեն. այդ գործողությունների յուրաքանչյուր օրն էլ ավելի կմոտեցնի ռուսական տնտեսության կոլապսը: Այս իրադարձությունները ՀՀ-ի վրա կարող են կործանարար հետևանքներ ունենալ` ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական առումով:

Մինչ աշխարհի երկրների մեծամասնությունը դատապարտում է ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի ակտը (անգամ Չինաստանը, շատերի համար անսպասելիորեն, երեկ հանդես եկավ նման հայտարարությամբ), ՀՀ-ն շարունակում է ջայլամային քաղաքականությունը՝ բառի բուն իմաստով: Պաշտոնական Երևանը մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտնել ոչ միայն Ուկրաինայի նոր իշխանությունների վերաբերյալ (չհաշված, իհարկե, իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որ ինքն Ուկրաինայի լեգիտիմ նախագահ է ճանաչում Վիկտոր Յանուկովիչին), այլ նաև այդ երկրի դեմ ՌԴ-ի կողմից ռազմական ագրեսիայի առնչությամբ: Պետք է հուսալ, իհարկե, որ լռությունը կլինի առավելագույն դիրքորոշումը, և Ռուսաստանի թելադրանքով ՀՀ-ն չի արդարացնի Ուկրաինան ագրեսիայի ենթարկելու Պուտինի քայլը՝ այդպիսով լեգիտիմացնելով ցանկացած պահի նույնը նաև Հայաստանի նկատմամբ կիրառելու Ռուսաստանի «իրավունքը»:

Պակաս մտահոգիչ չեն Հայաստանի վրա այս իրադարձությունների ազդեցության տնտեսական վտանգները: Առավելագույն չափով կախված լինելով Ռուսաստանից (արտաքին առևտուր, ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտներ, ՀՀ-ում ռուսական ձեռնարկությունների դոմինանտություն և այլն), ՀՀ-ն ուղղակիորեն կարող է զգալ ՌԴ տնտեսության անկման, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ազդեցությունը:

Թե ինչպիսին կլինի ազդեցությունը համապատասխան ցուցանիշների առումով, դժվար է այս պահին ասել: Միանշանակ է, սակայն, որ դա կլինի բավականաչափ զգալի` ՀՀ-ի` առանց այդ էլ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունն այս պայմաններում: Ըստ էության` ոչինչ:

Եթե անգամ որևէ բան էլ անում է, ապա միայն Մաքսային միությանն անդամակցելու քայլերն ավելի արագացնելու ուղղությամբ: Այսինքն՝ արագացնում է Հայաստանը խորտակվող տնտեսությանը վերջնականապես, կամ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, անշրջելիորեն կցելու գործընթացը: Այն դեպքում, երբ անգամ Մաքսային միության համահիմնադիր Ղազախստանի ու դրա անդամ Բելառուսի քաղաքական շրջանակներում այս օրերին քննարկում են ՄՄ-ից դուրս գալու հնարավորությունը: Հայաստանը, սակայն, համառորեն շարունակում է ինքնազոհաբերվել՝ խորտակվող ՌԴ-ի հետ նույն ճակատագրին արժանանալու համար:

Հետաքրքիրն այն է, որ դրանով զբաղվող Հայաստանի իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն իրենց քաղաքական կարիերան կերտել են խորտակվող նավից ժամանակին «թռնելով»՝ դա հիմնավորելով ամենատարբեր պատճառներով: Փաստորեն, սեփական փրկության համար «թռնելն» արդարացված է, սակայն, երբ խոսքը պետության մասին է, կարելի է թողնել, որ այն խորտակվի մինչև վերջ: Մինչև իսկական անշրջելիություն:

Տեսանյութեր

Լրահոս