Բաժիններ՝

«Գազպրոմ Արմենիա». Հիշատակված «շան գլուխը» թաքնված է հենց Գ. Մակարյանի անձնական դրդապատճառների ետևում. tert.am

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի այն հայտարարությանը, թե «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազի հարցում մի խորամանկության դիմում է, և որ ինքը գիտի, թե «որտեղ է թաղված շան գլուխը»։

-Գագիկ Մակարյանը նշում է , որ գազի հարցում «Գազպրոմ Արմենիան», այնուամենայնիվ, խորամանկությունների է դիմում: Դրա հետ կապված ի՞նչ կասեք:

– Ինչ վերաբերում է պարոն Մակարյանի կողմից հնչեցված գնահատականներին, ապա նորություն ասած չեմ լինի, որ յուրաքանչյուր լիազորված անձ հրապարակային դիրքորոշում արտահայտելու համար նվազագույնը պետք է ինչ-ինչ մասնագիտական համապատասխան գիտելիքներ ունենա և պատասխանատվություն կրի իր հայտարարությունների համար:

Եթե գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հրապարակավ վստահություն է հայտնում, թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի հարցում խորամանկության է դիմում, ապա ընկերությունը պատրաստ է հրապարակել բնական գազ սպառող բաժանորդ Գագիկ Մակարյանի խորամանկ քայլի վերաբերյալ փաստաթղթեր առ այն, որ 2012 թվականի օգոստոսի 15-ին կատարված ստուգայցի ժամանակ պարզվել է, որ Գ. Մակարյանի տան դիմացով անցնող գազատար խողովակից գաղտնի ծակել և անցկացրել են խողովակ դեպի տան կաթսայատան ջեռուցման համակարգ, որի արդյունքում շուրջ մեկ տարի տևական ժամանակով ապօրինի գազ է օգտագործվել՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պատճառելով խոշոր չափի դրամական վնաս: Դեպքի առթիվ 2013թ. հոկտեմբերին Կենտրոնական քննչական բաժնում ՀՀ քր. Օր-ի 184 հոդվածի առաջին մասով հարուցվել էր քրեական գործ: Հիմք ընդունելով տեղում կատարված ուսումնասիրությունները, Երևանի ԳԳՄ-ի կողմից կատարվել է վերահաշվարկ, որի արդյունքում բաժանորդ Գ. Մակարյանի կողմից փոխհատուցվել է 500.000 ՀՀ դրամ:

Այսքանից հետո, առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը բուռն էնտուզիազմ է դրսևորում գործատու կազմակերպությունների շահերը «Գազպրոմ Արմենիա»-ից ջանասիրաբար պաշտպանելու հարցում և իրեն ընձեռված ամբիոններից արված ոչ մասնագիտական հայտարարություններով փորձում է ապակողմնորոշել հանրային կարծիքը: Մեր համոզմամբ, հիշատակված «շան գլուխը» թաքնված է հենց Գագիկ Մակարյանի անձնական դրդապատճառների ետևում: Այն ուրիշ տեղ փնտրել պետք չէ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս