ՌԴ-ի ղեկավարության մասնակցությամբ կազմակերպվել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոտ 20 հանդիպում. Իգոր Պոպով

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Տևական ընդմիջումից հետո նախորդ տարվա նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Քննարկվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի համալիր: Կողմերը համաձայնվեցին շարունակել բանակցային գործընթացը:

Հստակեցվեցին առանցքային ուղղությունները, որոնք պահանջում են առաջնային ուշադրություն: Արտգործնախարարները ստացան համապատասխան ցուցումներ, որոնց հիման վրա խորհրդակցություններ են տարվում: Նալբանդյանի ու Մամեդյարովի միջև տեղի ունեցավ երկու հանդիպում, որոնց ժամանակ առարկայական քննարկում է իրականացվել առավել վիճելի հարցերի շուրջ:

Քննարկումների ընթացքը ցույց է տվել, որ կան դրական պահեր: Սակայն կողմերի դիրքորոշումները հավասարակշիռ որոշմանը հասնելուն ուղղելը բարդ է: Բանակցային գործընթացի դժվարությունները համապատասխանում են նաև բուն հակամարտության բարդություններին ու խորությանը: Կողմերն ունեն առաջ ընթանալու տրամադրվածություն:

Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին խորհրդակցությունների շարք են անցկացնում արտգործնախարարների հետ: Փետրվարի 22-ին մենք հանդիպել ենք Նալբանդյանի հետ: Մոտ ժամանակներս պլանավորել ենք բանակցություններ Մամեդյարովի հետ: Բնականաբար, մեր խորհրդակցությունները կշարունակենք տարածաշրջանում:

Ռուսաստանը խորապես շահագրգռված է նրանում, որ իրեն հարևան տարածաշրջանում տիրի խաղաղություն ու կայունություն, որ հստակեցվի Ղարաբաղի ճակատագիրը, վերադառնան փախստականները, բացվեն տրանսպորտային ու հաղորդակցային ուղիները, զարգանան առևտուրն ու մշակութային կապերը:

Դրա համար էլ Ռուսաստանը խաղացել և խաղում է ամենաակտիվ դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հենց Ռուսաստանի ուղիղ միջնորդությամբ 20 տարի առաջ՝ 1994 թվականի մայիսին, ստորագրվեց Հրադադարի մասին համաձայնագիրը: Կարգավորման ճանապարհին կարևոր փուլ էր նաև 2008 թվականին ընդունված Մոսկովյան հռչակագիրը:

Դա առաջին ու դեռ միակ փաստաթուղթն է Լեռնային Ղարաբաղի մասին, որի տակ իրենց ստորագրությունը դրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Դրանում նշված է, որ կողմերը մտադիր են տարածաշրջանում ապահովել կայունություն ու անվտանգություն՝ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով՝ հենված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ղեկավարության անմիջական մասնակցությամբ կազմակերպվել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոտ 20 հանդիպում»: Պոպովը հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է հակամարտող կողմերի մոտ համապատասխան կամքի առկայությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31