Բաժիններ՝

Բիլ Գեյթսը գլխավորել է Forbes-ի՝ համաշխարհային միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը

Ամերիկյան Forbes պարբերականն այսօր ներկայացրել է միլիարդատերերի համաշխարհային տարեկան վարկանիշը: Ցուցակը գլխավորել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվել է 76 միլիարդ դոլար: Դա 9 միլիարդ դոլարով ավելին է, քան մեկ տարի առաջ էր:

Լեգենդար ներդնող Ուորեն Բաֆետը մնացել է 4-րդ հորիզոնականում՝ չնայած նրան, որ նրա կարողությունն աճել է 4.7 միլիարդ դոլարով՝ հասնելով մինչև 58.2 միլիարդ դոլարի: Լավագույն հնգյակում ընդգրկվել է նաև Oracle-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնը: 2013 թվականին նրա կարողությունն աճել է 5 միլիարդ դոլարով՝ հասնելով մինչև 48 միլիարդ դոլարի:

Նախորդ տարվա առաջատար, մեքսիկացի հեռուստամագնատ Կառլոս Սլիմը նահանջել է երկրորդ հորիզոնական՝ 72 միլիարդ դոլար: Լավագույն եռյակը նախկինի նման եզրափակել է Inditex (Zara ցանց և այլն) ընկերության սեփականատեր Ամանսիո Օրտեգան: Մեկ տարում նրա կարողությունն աճել է 7 միլիարդ դոլարով՝ հասնելով մինչև 64 միլիարդ դոլարի:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև ամերիկացի արդյունաբերական մագնատներ, եղբայրներ Չառլզ ու Դևիդ Կոհին (յուրաքանչյուրի կարողությունը 40 միլիարդ դոլար), Walmart-ի կայսրության ժառանգորդներ Քրիստի ու Ջիմ Ուոլթոնները (համապատասխանաբար 36.7 միլիարդ և 34.7 միլիարդ դոլար), ինչպես նաև Las Vegas Sands միջազգային խաղային ցանցի տեր Շելդոն Ադելսոնը: Վերջինիս կարողությունը նախորդ տարում ռեկորդային աճ է արձանագրել՝ 11.5 միլիարդ դոլար և հասել է մինչև 38 միլիարդ դոլարի:

2014 թվականի ցուցակում ընդգրկվել են 111 ռուսներ, ինչը մեկով ավելի շատ է՝ համեմատած նախորդ ցուցակի հետ: Նրանց ընդհանուր կարողությունն անկում է ապրել 1.17 տոկոսով՝ 427 միլիարդ դոլարից նվազելով մինչև 422 միլիարդի: Ռուս միլիարդատերերից ամենահարուստն Ալիշեր Ուսմանովն է՝ 18.6 միլիարդ դոլար (40-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ, այս տարվա ցուցակում ընդգրկվել է առնվազն 1 միլիարդ դոլարի կարողություն ունեցող 1645 մարդ: Նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 6.4 տրիլիոն դոլար, ինչը 1 տրիլիոն դոլարով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Ցուցակում կան ռեկորդային թվով (268) նորեկներ, որոնցից 42-ը կանայք են:

Ընդհանուր առմամբ, միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 172 կին, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ տարվա ցուցանիշը կազմել էր 138 կին: Այս տարի միլիարդատերերի ցուցակում ընդգրկվածների միջին կարողությունը կազմել է 4.7 միլիարդ դոլար: Ցուցակի 1080 ներկայացուցիչ՝ համաշխարհային միլիարդատերերի 2/3-ը, ինքն է ստեղծել իր կապիտալը, 207-ը ուղղակի ժառանգել է այդ հարստությունը, 352-ը ժառանգել, սակայն զգալիորեն ընդլայնել է ընտանեկան բիզնեսը:

Միլիարդատերեր ցուցակի «թոփ 20»-ում ընդգրկվելու նշաձողը 8 միլիարդ դոլարից բարձրացվել է մինչև 31 միլիարդ դոլարի: 2013 թվականն ընդհանուր առմամբ հաջող է դասավորվել նաև Facebook սոցցանցի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի համար, որի կարողությունը 13.3 միլիարդ դոլարից հասել է մինչև 28.5 միլիարդ դոլարի:

Միլիարդատերերի ցուցակում նախկինի նման ամենամեծ ներկայացուցչությունն ունի ԱՄՆ-ը՝ 492 մարդ, 152 ներկայացուցիչ ունի Չինաստանը, 111 ներկայացուցիչ ունի Ռուսաստանը: 2014 թվականին առաջին միլիարդատերերն ի հայտ են եկել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ալժիրը, Լիտվան, Տանզանիան ու Ուգանդան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս