Ռոստովյան ասուլիսից հետո Ուկրաինայում քրեական երկրորդ գործն են հարուցել Յանուկովիչի նկատմամբ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնվել է Ուկրաինայի ՆԳՆ-ի հետախուզման բազայում: Այս մասին նշված է գերատեսչության կայքում: Դրանում նշված է, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ կետով (երկու կամ ավելի անձանց միտումնավոր սպանություն):
Որպես հետախուզում հայտարարելու ժամկետ է նշված 2014 թվականի փետրվարի 26-ը: Դրանից մեկ օր առաջ Յանուկովիչի նկատմամբ հետախուզում էր հայտարարել կիևյան դատարանը: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Յանուկովիչի նկատմամբ այսօր հարուցել է երկրորդ քրեական գործը՝ կապված երկրի սահմանադրական կարգը տապալելու մասին կոչերի հետ:
Դրա համար հիմք է ծառայել Դոնի Ռոստովում Յանուկովիչի տված մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա մասնավորապես հայտարարել է, որ չի ճանաչում իրեն նախագահի պաշտոնից հեռացնելու մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումը և իրեն համարում է պետության լեգիտիմ ղեկավար, ինչպես նաև պաշտպանություն է խնդրել Ռուսաստանից:



