Բաժիններ՝

Չստացված կյանք. ընտանեկան բռնության օրենքը` անհրաժեշտություն ոստիկանների ու կանանց միջև. medialab.am

Նախորդ տարվա օգոստոսին՝ էջմիածինցի Լուսինե Դավթյանը ամուսնու կողմից դանակահարվելուց և սպանվելուց առաջ քանիցս փորձել էր ոստիկանությունում դիմում գրել ամուսնու վարքի մասին, սակայն ամեն անգամ ոստիկանները նրան հորդորել են չգրել: Այս մասին գրում է medialab.am-ը:

«Ոստիկանն ասել էր, որ դա վարչականի տակ է գնալու ու 100 հազար տուգանք է լինելու, ունես փո՞ղ. ամուսինդ չի մուծելու, դու պիտի մուծես,- «Մեդիալաբին» ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը,- էդ կինն էլ ստիպված հետ էր գնացել, ու ծեծն այնքան էր շարունակվել մինչև ամուսինը սպանել էր»:

Նիկողոսյանն ասում է, որ շատ տարածված ու դասական դեպք է, երբ ոստիկանությունը հրաժարվում է կանանցից դիմումներ ընդունել, քանի որ օրենսդրական դաշտում բացակայում է Ընտանեկան բռնության մասին օրենքը և չկան օրենքով սահմանված մեխանիզմներ:

ՀԿ համահիմնադիր Նոնա Արուճյանը նշում է, որ ամուսինների կողմից սպանված կանանց դատական գործերի ընթացքում միտում է նկատվում Քրեական օրենսգրի 105 հոդվածով դատելու, որը գործում է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունների համար:

«Տղամարդուն արդարացնելու համար ասում են, որ կինը անբարոյական է եղել, անբարոյական լինելու համար նշելով, որ վերջինս ներկում էր մազերը կամ մեքենա էր վարում»,- ասում է նա:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանն էլ հավելում է, որ այդ խնդիրը ավելի խորն է հատկապես մարզերում, որովհետև ոստիկանները կանանց դիմումներին լուրջ չեն վերաբերվում՝ ասելով, որ մի բարձրաձայնեք ձեր ընտանիքի խնդիրները:

« Կինն էլ չի ուզում քրեական գործ հարուցել, մանավանդ որ երեխա կա տանը,- ասում է նա,- անցյալ տարի գրանցվել է 61 բռնության դեպք, որից միայն 2 հոգին են դիմել ոստիկանություն, առանց այդ էլ դիմողների տոկոսը շատ ցածր է»:

ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2008-2009թթ. իրականացրել է ՀՀ–ում կանանց հանդեպ ընտանեկան բռնության վերաբերյալ առաջին հարցումը, որի համաձայն երբևէ զուգընկեր ունեցած հարցված կանանց 61 տոկոսի վարքը վերահսկվել է նրանց կողմից, 25 տոկոսը ենթարկվել է  հոգեբանական, 8.9-ը` ֆիզիկական, 3.3-ը՝ սեռական, իսկ 9.5 տոկոսը` միաժամանակ և ֆիզիկական, և սեռական բռնության:

Աննա Մուրադյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս