Հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը ներկայացրել է 2014 թվականի նոր հավաքածուն (տեսանյութ, ֆոտոշարք)
Բեյրութահայ հանրահայտ հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը (krikorjabotian.com) հատկապես հայտնի է հարսանեկան իր զգեստների հավաքածուով: Նա իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսել է Բեյրութի Արվեստի և նորաձևության հմտությունների ավագ դպրոցից (l’Ecole Superieure des Arts et techniques de la Mode in Beirut): 2007 թվականին դիզայներն արդեն իսկ աշխարհահռչակ Էլի Սաաբ (Elie Saab) ընտանիքի անդամ էր և աշխատում էր այդ բրենդի ստեղծագործական բաժնում (Elie Saab’s creative department):
2008 թվականին Գրիգոր Ջաբոթյանն իր Une noce funebre հավաքածուն ցուցադրեց Դուբայի նորաձևության օրերի ընթացքում և ճանաչվեց Միջին Ասիայի լավագույն երեք դիզայներներից մեկը: 23 տարեկանում՝ 2009 թվականին, նա Բեյրութում բացեց իր սեփական նորաձևության տունը. այդ գործում նրան միացան նաև իր ընտանիքի անդամները:
2012թ. Գրիգոր Ջաբոթյանը 20 աշխատակիցների հետ իր արհեստանոցում աշխատում էր, երբ ուժեղ պայթյունի ձայն է լսվում. արհեստանոցից մոտ 4 շենք այն կողմ ռումբ էր պայթել՝ ավերակի վերածելով Լիբանանի մի շարք փողոցներ: Գրիգոր Ջաբոթյանն իր թիմի հետ շարունակում էր զգեստներ կարել… «Մենք շարունակում էինք աշխատել: Այսպես ենք մենք աշխատում Բեյրութում. միշտ սպասիր անսպասելիին: Մենք շարունակում էինք աշխատել, քանի որ այդպիսով մեկս մյուսիս էինք պաշտպանում»,- հետագայում պատմել է դիզայները:
Գ. Ջաբոթյանն իր հագուստներում փառաբանում-երկրպագում է կնոջը: Հագուստների միջոցով նա իր հիացմունքն է արտահայտում կանանց նկատմամբ: «Ինձ համար իմ զգեստներն այն ամենի արտացոլանքն է, ինչը կա կնոջ մեջ՝ գեղեցկությունը, ուժը, անհատականությունը, հարգանքը, որը գալիս է նրանից»,- նշում է Գ. Ջաբոթյանը:
Երիտասարդ դիզայների հագուստները ներկայացվում են լավագույն ցուցադրություններում: Նա համագործակցում է նորաձևության ամենահայտնի ամսագրերի հետ՝ «Elle», «Vogue», «Weddings», «Cosmopolitan», «Bazaar», և այլն:
Նրա զգեստները կրում են Հորդանանի թագուհի Ռանիա Ալ-Աբդուլլահը, ով 2003թ. ճանաչվել է որպես «Էլեգանտության՝ աշխարհի թագուհի», ինչպես նաև շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ: