Բուդաղյանների փաստաբանի կարծիքով՝ առնվազն երեք հոգի քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեր
Լրագրողներն այսօր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին՝ քանի՞ անձ պետք է հայտնվեր ճաղերի ետևում, եթե քրեական գործն արդար քննվեր: «Եթե քննությունն արդար ընթանար, ապա ճաղերի հետևում չասենք, բայց համենայնդեպս քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին առնվազն երեք հոգի՝ դեպքի հետ կապված»,- ի պատասխան ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև մարդիկ, ովքեր «պարտակել են այս դեպքը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը»:
«Ամբողջ ընթացքում, քանի ընթացել է նախաքննությունը, եղել են մարդիկ, ովքեր դեպքի վերաբերյալ քննությունը շեղել են: Եվ ես Բուդաղյանների տեսակետն եմ նաև ձեզ ներկայացնում, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի ոչ միայն քրեական պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր անմիջականորեն դեպքի ժամանակ հանցագործություն են կատարել, այլ նաև նրանք, ովքեր հետագայում փորձել են պարտակել կամ պարտակել են այդ հանցագործությունը»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ելնելով անմեղության կանխավարկածի սկզբունքից՝ Հայկ Ալումյանը չհրապարակեց այն անձանց անունները, ովքեր, իր կարծիքով՝ պետք է քրեական պատասխանատվության եթարկվեին: