Հերմինե Նաղդալյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. Բա ի՞նչ ասենք, տիկի՛ն ջան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Քաղաքաշինության նախարարությունում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը խոսում է այն մասին, որ Նախագահը «սահմանարար, բաժանարար գծեր» է դնում իշխանության և արտախորհրդարանական ու խորհրդարանական քաղաքական ուժերի միջև։ Ստորև ներկայացնում ենք Հերմինե Նաղդալյանի մեկնաբանությունը.

«Կարծում եմ՝ բացարձակ դեմագոգիա կարելի է որակել Նաիրա Զոհրաբյանի մտքերն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը բաժանում է հանրությունը «մենք»-ի և «դուք»-ի կամ բաժանարար գծեր է դնում: Հավատացած եմ, որ ողջ հանրության համար պարզ է և տեսանելի, բացի հիշողությունը կորցրած անձանցից, ովքեր մոռանում են, որ Սերժ Սարգսյանն այն գործիչն է, ում և՛ գործը և՛ խոսքը մշտապես ուղղված են եղել հասարակության մեջ համերաշխության կայացմանը, հանրության համախմբմանը և կոնսոլիդացմանը, և այդ մոտեցումը վերաբերել է ինչպես քաղաքական դաշտին, այնպես էլ ողջ հասարակությանը:

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարումն սկսել և շարունակել է սիրո, եղբայրության լոզունգներով և մեսիջներով, քաղաքական դաշտում էլ՝ համագործակցության և համախմբման բացառիկ օրինակներ է դրսևորել, որոնք նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ են եղել: Եվ այսօր խոսել բաժանարար գծերի կամ սահմանազատումների մասին, իրականում, բառիս ուղիղ իմաստով, անհիմն չարախոսություն է, միաժամանակ վկայություն, որ իսկապես, անտեղի և անհիմն սևացնում ես, թշնամանքով ես լցված, որևէ լավ բան տեսնելու ցանկություն չունես, լավն էլ վատ ես ներկայացնում, ու հետո էլ՝ զարմանում, թե ինչու են ասում՝ սևացնելով ես զբաղված: Բա ի՞նչ ասենք, տիկի՛ն ջան»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս