Նաիրա Զոհրաբյանը վտանգավոր միտումներ է տեսնում Սերժ Սարգսյանի ելույթում
Երեկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կան որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք, ըստ նախագահի, նաև «մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունները»:
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե նախագահի այդ ելույթի մեջ ինքն անձնամբ որոշակի վտանգավոր միտումներ է տեսնում:
«Վտանգավոր միտումներ եմ տեսնում՝ սահմանարար գիծ, բաժանել մենք և ձերի: Այսինքն` մենք իշխանությունները և դուք՝ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, խորհրդարանական քաղաքական ուժեր, հեռուստաընկերություններ, տպագիր մամուլ… Այսօր երկիրը կանգնած է այնպիսի լրջագույն խնդիրների առջև, որ մեզ անհրաժեշտ է հնարավորինս լայն համախմբում, հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:
Ասվեց, որ չորս խորհրդարանական խմբակցություններ առավոտից իրիկուն սևացնում են առկա իրականությունը: Ասեմ, որ «Բարգավաճ Հայաստանը» խոսում է փաստերով, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնում է այն, ինչ իրականում կա, և, ցավում եմ, որ իրականությունը այնպիսին է, որ պոզիտիվ ածականներով ներկա իրականությունը բնորոշել, բնութագրել հնարավոր չէ: Դրա համար ենք ներկայացնում միացյալ, համախմբված ուժերով փոխենք ահա այս իրականություն»,- նշեց նա: