Հայկ Ալումյան. Դատարանը ձախողեց մեր բողոքի քննությունը

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան և պահանջում է վերանայել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով կասեցվել էր իր բողոքների քննությունը: Այս մասին փաստաբանն այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հայտնի է, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կասեցրել էր Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Դատարանը քննությունը կասեցրել է այնքան ժամանակ, քանի դեռ քննիչը քրեական գործի բոլոր նյութերը չի ներայացնի դատարան:

Հայկ Ալումյանն այսօր ասաց, որ այս կարգի գործերով կայացված որոշումները սովորաբար համաձայնեցված են լինում և´ վերաքննիչ, և´ վճռաբեկ դատարանների հետ: «Պարզապես որպեսզի մենք հետագայում ունենանք այլ մեխանիզմներ մեր բողոքները ներկայացնելու, մասնվորապես` Եվրոպական դատարան, մնացածը ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել, թե էլ ինչ ենք պատրաստվում անել: Համենայանդեպս, որպեսզի մենք կարողանանք նաև այլ մեխանիզմներից օգտվել մեր բողոքները ներկայացնելու, մեզ բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել և´ վերաքննիչ, և´վճռաբեկ դատարան, թեև հույսները, որ ներպետական ատյաններում այս բողոքը կարող է օբյեկտիվ լուծում ստանալ, գնալով մեզ մոտ պակասում են»,- ասաց Հ. Ալումյանը:

Նրա փոխանցմամբ՝ քննիչի որոշումները դատարան բողոքարկելիս հույս ունեին, որ դատարանն արդարադատություն կիրականացնի. «Ճիշտ է՝ մենք այնքան էլ լավատես չէինք այն առումով, որ մենք պատկերացնում էինք, թե ինչ ճնշումներ կարող են լինել և կլինեն դատարանի նկատմամբ, բայց այնուամենայնիվ երբ դիմում ես դատարան, բոլոր դեպքերում ինչ-որ հույսեր ունես, որ կարող է արդարադատություն իրականցվել:

Կարդացեք նաև

Սակայն հոկտեմբեր ամսին դիմելով դատարան՝ այս մոտավորապես չորս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ դատարաններից նույնպես դժվար է արդարադատություն ակնկալել, եթե գործը վերաբերում է այնպիսի անձանց, ովքեր որոշակի հովանավորությունից են օգտվում»:

Իր բողոքներ քննության կասեցման որոշումը Բուղադյանների փաստաբանը որակեց որպես իրավաբանական տեսանկյունից լուրջ թերություներ ունեցող որոշում. ըստ նրա՝ այդ որոշումն ընդհանրապես ոչ մի ձևով չի համատապասխանում այն իրավիճակին, որն այսօր կա.

«Դատարանը, փաստելով, որ բողոքի քննությունն անհնարին է՝ առանց քննիչի կողմից գործի նյութերը ներկայացնելու, փոխարեն քննիչից պահանջի այդ գործի նյութերը՝ որոշեց բողոքի քննությունը կասեցնել մինչև որ քննիչն ինքը ցանկություն կարտահայտի նյութերը դատարան ներկայացնելու: Քննիչն էլ այդպիսի ցանկություն, բնականաբար չունի: Եվ արդեն չորս ամիս է՝ քննիչը հրաժարվում է գործի նյութերը դատարան ներկայացնել: Այսպիսով, դատարանը ձախողեց մեր բողոքի քննությունը»:

Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ դրանում կան տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում, որ տեղեկանա դատարանը, Բուդաղյանները և հասարակությունը. «Հակառակ դեպքում քննիչին ոչինչ չէր խանգարում այդ նյութերը ներկայացնել դատարան»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ չի կարելի ասել, թե Բուդաղյաններն առհասարակ հուսահատված են, որ այս գործով երբևիցե արդարադատություն կիրականանա. «Հակառակը, մենք վստահ ենք, որ շուտ թե ուշ իրականությունը կբացահայտվի և մեղավորները կբացահայտվեն, պարզապես հավանաբար մենք չափից շատ հույսեր էինք կապում ներպետական ատյանների հետ: Բայց այն, որ մենք քայլեր ունենք ու այդ քայլերը բավականին անսպասելի կլինեն իհարկե խոսքը օրենքով չարգելված քայլերի մասին է, անսպասելի կինեն և արդյունավետ քայլեր ենք մենք պլանավորում, դա կա: Մենք քայլեր կձեռնարկենք՝ նույնիսկ եթե ներպետական ատյաններում ձախողվենք»:

Հ. Ալումյանը բողոքարկել էր քննիչի երեք որոշումները, որոնցով ինքնապաշտպանության հիմքով դադարեցվել էր քրեական հետապնդումը Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա թիկանապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ: Քրեական հետանդումը դադարեցվել էր նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ նրա մահվան պատճառով. քննիչը գտել էր, որ դեպքի օրը Ավետիք Բուդաղյանը քրեական օրենսգրքով նախատեսված երկու արարք է գործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս