Հանրակացարանում մնացել են անճարները
asparez.am-ը գրում է. Վանաձորի Երեւանյան խճուղի 90 հասցեի հանրակացարանում խառնաշփոթ է, առանց այն էլ խոնավ սենյակների պատերն այս օրերին սառել են՝ ջրի եւ կոյուղու խողովակների պատճառով: Պարզվում է, այս խնդիրը նոր չէ, տարիների պատմություն ունի, ուղղակի բնակիչներն իրենց խնդիրների հետ մենակ են մնացել, քաղաքային իշխանությունները վերջին 3 տարիներին այստեղ ոտք չեն դրել: Բնակիչների դիմում-բողոքներն էլ կամ անպատասխան են մնում, կամ պատասխանում են… ըստ օրենքի: Ամեն անգամ Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժին դիմում ներկայացնելով՝ բնակիչները նույն պատասխանն են ստանում, թե բյուջեում գումար չկա, գումար լինելուն պես կանդրադառնանք նաեւ այս հարցին:
Հանրակացարանը 70-ականների սկզբի կառույց է, նախ պատկանել է առեւտրի տեխնիկումին, հետո թիվ 3 ուսումնարանին, 2010-ին ուսումնարանը վերափոխվեց քոլեջի, իսկ կից հանրակացարանը վերանորոգվեց եւ քիմգործարանի տնակային ավանի բնակիչներին տեղափոխեցին այստեղ, քաղաքապետարանի որակմամբ, ավելի բարվոք պայմաններ. «Ամեն օր երանի եմ տալիս տնակին, այնտեղ գոնե մարդ կարողանում էր իր հարցերը լուծել, սովորական զուգարանն ինչ է, չենք կարողանում օգտվել»,-ասում է տիկին Մարիետան:
Հանրակացարանը թեեւ փողոցին մոտ է, սակայն անտառի խոնավությունը զգացնել է տալիս: Երեխաներն հաճախ են հիվանդանում խոնավությունից, մեծահասակներն էլ անմասն չեն մնում այդ ամենից, բայց մենք «պինդ ոսկոր ենք», դիմանում ենք, ասում են բնակիչները. «Խոնավության պատճառով մենք մի տարեկան փոքրիկ ենք կորցրել, թոքերն ու սիրտը ջրի մեջ էին, հիմա էլ մեր հիմնական խնդիրը կոյուղագծերն են, ու արդեն քանի տարի, այս պայմաններում ենք ապրում`տարրական պայմաններց զուրկ, բոլորի կողմից անտեսված»-բողոքում է Հրածին Եսայանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: