Վ. Կարապետյանը սպասելու է Կ. Ավագյանին՝ մարտի 1-ի հանրահավաքին. ԳԱԼԱ
«Մենք երկար ժամանակ նման դրսևորումների չենք արձագանքել, բայց այսուհետ ցանկացած նմանատիպ դրսևորում իր պատասխանը ստանալու է: Այսօր այդ պատասխանը ստացվել է այդ փողոցում պատահական հայտնված մեր կազմակերպության անդամների կողմից, վաղը եթե որոշակի դասեր չքաղեցին սրանից, մենք արդեն ավելի խիստ պատասխաններ կտանք ոչ թե այն երիտասարդներին, ովքեր միամտաբար հայտնվել են այդ իրավիճակում, այլ իրական կազմակերպիչներին, ովքեր թաքնվել են այս երիտասարդների հետևում»: «Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը այսպես է մեկնաբանել երեկ ՀԱԿ-ի թռուցիկ բաժանող ակտիվիստների հետ վիճաբանության մեջ ներքաշված ՀՀԿ-ական երիտասարդների պահվածքն ու գործողությունները:
Իսկ ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ իրենք դարձյալ վաղը շարունակելու են իրազեկել հանրությանը եւ սպասում են Կարեն Ավագյանին, որպեսզի տեսնեն, թե ինչ քայլեր է ձեռնարկելու եւ ինչպես է իրագործելու իր սպառնալիքները: Վ. Կարապետյանն ասաց, որ իրազեկման աշխատանքներին անձամբ ինքն է մասնակցելու եւ սպասելու է հենց Կարեն Ավագյանին, որ գա ու իրագործի իր խոսքերը: Վ. Կարապետյանը խոստացավ, որ տեղի եւ ժամի մասին կիրազեկեն, հայտարարություն կտարածեն քիչ անց, որպեսզի ՀՀԿ-ականները իմանան նախօրոք:
Այն նկատառմանը, թե Կարեն Ավագյանին հրավիրո՞ւմ եք զրույցի, Վ. Կարապետյանը չհամաձայնեց. «Չեմ հրավիրում, պարզապես սպասելու ենք նրան»: Ավելի ուշ Վ.Կարապետյանը ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցեց, որ մասնակցելու է մարտի 1-ի հանրահավաքի իրազեկմանը ժամը 13:00-ին «Նաիրի» կինոթատրոնի մոտից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: