Հիմա ո՞վ է ստում՝ քաղաքացի՞ն, թե՞…

Մեր թերթի նախորդ համարում տպագրված Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ Ավետիք Շաղոյանի մասին հրապարակմանն արձագանքել է ՀՀ Ոստիկանությունը, որտեղից ստացված պաշտոնական պարզաբանումը տպագրում ենք ամբողջությամբ: Մինչդեռ, թե ըստ Ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ներկայացրած Ա. Շաղոյանի՝ որքանով է այս պարզաբանումը համապատասխանում իրականությանը, կներկայացնենք ստորև:

Պարզաբանում
«168 Ժամ» թերթի փետրվարի 11-12, թիվ 12 (1054) համարում հրապարակվել է «Ձեզ վիրահատել են բարձր մակարդակով, բայց եթե կաղում եք` հոգեբանի կարիք ունեք» վերտառությամբ հոդվածը. հեղինակը ներկայացնում է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ Ավետիք Շաղոյանի դժգոհությունն` ուղղված առողջապահության ոլորտի կոնկրետ մասնագետներին։ Սակայն թերի տեղեկատվության արդյունքում հրապարակման մեջ մեղադրանքներ են հնչում Ոստիկանության հասցեին` ՀՀ ոստիկանության պետի ուշադրությունը գրավելու նպատակով։

Իրականում, 28.11.2013 թ. Ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել Ավետիք Շաղոյանի դիմումը, որով նա բողոք է հայտնել Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներից։ Դեպքի հանգամանքները պարզելու համար Ա. Շաղոյանն անմիջապես հրավիրվել է Ոստիկանության բաժին, սակայն ներկայացել է միայն 03.12.2013 թ. և հաղորդում տվել, որ 2013 թ. մայիսի 23-ին, վերը նշված բժշկական կենտրոնի օրթոպեդիկ և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար, բժիշկ Արսեն Ազիզբեկյանն ու նրա օգնական Ջանիբեկ Ատեսյանը կատարել են ձախ ոտնաթաթի մատների վիրահատություն, որի ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, ինչի հետևանքով վնաս է պատճառվել իր առողջությանը։ Ա. Շաղոյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 13.12.2013 թ. նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն և նույն օրը ստեղծված նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ 23.12.2013 թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի հատկանիշներով, և նույն օրը որոշում է կայացվել Ա. Շաղոյանին որպես տուժող ճանաչելու մասին։

Հոդվածում նշվում է, թե Ոստիկանությունում դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դատաբժշկական փորձաքննություն չի կազմակերպվել և առ այսօր որևէ գործողություն չի կատարվել, սակայն փաստն այն է, որ Ա. Շաղոյանը 2014 թ. հունվարի 27-ին է միայն ներկայացել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության։ Հետևաբար, քաղաքացու պնդումը, թե Ոստիկանությունում իր դիմումն անարձագանք է մնացել, չի համապատասխանում իրականությանը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իսկ նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն առ այսօր չի ստացվել»:

Կարդացեք նաև

Երեկ մենք ՀՀ ոստիկանությունից ստացված վերոնշյալ գրությունը ներկայացրինք Ա. Շաղոյանին, ով ստացված տեղեկատվությունից տարակուսած՝ հավաստիացրեց, որ իրեն ոչ միայն չեն հրավիրել Դատաբժշկական փորձաքննության, այլև՝ տեքստում մատնանշված ժամանակարգրությունն է խեղաթյուրված: Եվ որպեսզի երկու կողմերի ներկայացրած փաստարկները համադրելով` ճշմարտությունը բացահայտվի, հարկ ենք համարում Ա. Շաղոյանի հակափաստարկները ներկայացնել առանց կրճատումների և ամբողջությամբ իր խոսքերով:

«Այս գրության մեջ ճշմարտության հատիկ չկա»
«Ոստիկանության պարզաբանումը հասարակությանը մոլորեցնելու վաղուց արդեն հասարակ, միամիտ փորձ է: Այդ գրության մեջ առհասարակ ճշմարտության հատիկ չկա, և խոսքերս պատրաստ եմ ապացուցել փաստերով՝ մեր դեմառդեմ հանդիպման ժամանակ, որովհետև կոնկրետությունը փաստերի մեջ է:

2013թ. նոյեմբերի 27-ից մինչև օրս՝ 70 օր շարունակ, իմ բողոքի հիման վրա, ընդդեմ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի օրթոպեդիկ վիրաբույժներ Արսեն Ազիզբեկյանի և Ջանիբեկ Ապրեսյանի, Դատաբժշկական համապատասխան փորձաքննություն չի իրականացվել: Ոստիկանները կոչված են պաշտպանելու ՀՀ քաղաքացու, տվյալ դեպքում` իմ ոտնահարված իրավունքները, բայց իրականում պատկերն այլ է: Կրկնում եմ՝ այս գրությունը մարդկանց մոլորեցնելու ձև է, և ես պատրաստ եմ փաստերով ապացուցել դրա ոչ ճշմարտացիությունը, մինչև անգամ՝ տեքստում գրված թվերն են սխալ: Իրենք ասում են, որ ինձ հրավիրել են Դատաբժշկական փորձաքննության, բայց ես չեմ հրավիրվել:

Ընդամենը 2 օր առաջ ինձնից խնդրեցին ռենտգեն նկարները, իսկ երեկ քննիչը զանգահարեց՝ ասելով, որ առաջիկայում օր կասի, որպեսզի գնամ այդ կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվելու իմ գործն ուսումնասիրելու համար:

Հասկանալով, որ քննիչը որևէ բան չի ձեռնարկում, ես նախկինում ինքս որոշել և մեկ անգամ ինքնակամ, առանց Ոստիկանության ուղղորդման` գնացել եմ Դատաբժշկական կենտրոն՝ պարզելու, թե՝ ի վերջո, իմ բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում այդ կենտրոնում ե՞րբ են պատրաստվում փորձաքննություն կատարել:

Այնտեղ, բնականաբար, ինձ չէին սպասում: Իրենք լավ էլ տեղյակ էին իմ գործից, բայց ինձ ասացին՝ Դուք ինչո՞ւ եք եկել, Քննչականից մեզ որևէ բան չեն ասել: Նորից հետ եմ եկել Քննչական և քննիչին ասում եմ՝ իրենք ասում են, որ Դուք իրենց ոչինչ չեք ասել: Քննիչն էլ իր հերթին` ասում է` Դուք մեզնից մի նեղացեք, մենք ամեն ինչ անում ենք օրենքով: Ու այսպես շարունակգ Ոստիկանության` ձեր թերթին տված պարզաբանման մեջ ասվում է հետևյալը.

«Հոդվածում նշվում է, թե Ոստիկանությունում դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դատաբժշկական փորձաքննություն չի կազմակերպվել և առ այսօր որևէ գործողություն չի կատարվել, սակայն փաստն այն է, որ Ա. Շաղոյանը 2014 թ. հունվարի 27-ին է միայն ներկայացել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության»:

Ես միանշանակ պնդում եմ, որ ինձ երկու քննիչներից և ոչ մեկը չեն ուղարկել Դատաբժշկական փորձաքննության, այսինքն՝ Շաղոյանն ինչպե՞ս պետք է գնար, երբ հարցնում էր՝ գնա՞մ, իրենք պատասխանում էին՝ ոչ: Տասն անգամ հարցնելուց հետո, երբ իրենք պատասխանում են՝ ոչ, ու, քանի որ իրենք մշտապես ասում են՝ ոչ, ես որոշում եմ ինքս գնալ՝ հասկանալու համար` ինչ է կատարվում: Իրենք էլ ի պատասխան` ասում են՝ այո, Ձեր գործերը մեզ մոտ են, գնացե՛ք, հանձնաժողովը կկազմենք` կկանչենք:

Գալիս քննիչին ասում եմ, նա էլ մեղքը գցում է նրանց վրա: Մեկը մյուսի վրա բարդելով` իրենք ուզում են չոր դուրս գալ, իսկ ինձ մեղավոր ճանաչեն: Ասեմ ավելին՝ Դատաբժշկական կենտրոնի ներկայացուցչին հարցրեցի, թե պատրաստվո՞ւմ են արդյոք, որպես տուժող կողմ, ինձ էլ լսել, թե՞ փաստաթղթերն ուսումնասիրելով` եզրակացություն են տալու: Նա ասաց՝ լավ, եթե ուզում եք, Ձեզ էլ կկանչենք: Տպավորություն էր, կարծես հայցում եմ իրենց հրավերը, այն դեպքում, երբ իրենք ի պաշտոնե պարտավոր են առանց հիվանդի այդ կարգի որոշումներ չկայացնել:

Այսինքն՝ ինչպես հասկացա, կանխավ որոշել են առանց ինձ հավաքվել և, բնականաբար, իրենց ուզած եզրակացությունը գրել: Ես կատեգորիկ պնդեցի, որ առանց իմ ներկայության իրավունք չունեն ուսումնասիրել և եզրակացություն տալ: Ինչպես նշեցի՝ երեկ քննիչն ինձ զանգահարեց և ասաց՝ թղթերը տարել Դատաբժշկական կենտրոնին եմ տվել, իրենք այս շաբաթ եթե չկանչեն, ապա հաջորդ շաբաթ օր կնշանակեն: Կարուսել է, որը 70 օր շարունակ պտտվում է: Կրկնում եմ՝ ես պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ փաստերով ապացուցել, որ ինձ Դատաբժշկական փորձաքննության չեն ենթարկել»:

Հ.Գ. Նկատենք հետաքրքիր մի հակասություն. ՀՀ ոստիկանության տրամադրած գրության մեջ ասվում է, որ Ա. Շաղոյանը 2014թ. հունվարի 27-ին է միայն ներկայացել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության: Մինչդեռ Դատաբժշկական փորձաքննության կենտրոնից Ա. Շաղոյանին տեղեկացրել են, որ մասնագետներից բաղկացած հանձնաժողովը դեռ չի ստեղծվել: Ստացվում է՝ ըստ Ոստիկանության՝ հանձնաժողովը կա, և Ա. Շաղոյանը ներկայացել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ այդ կենտրոնից, ինչպես նշեցինք՝ տեղեկացրել են, որ այն գոյություն չունի: Ավելին՝ քննիչը երեկ զանգահարել է Ա. Շաղոյանին և ասել է հետևյալը՝ «Առաջիկայում մասնագետներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվելու. եթե ոչ այս շաբաթ, ապա մյուս շաբաթ օր կնշանակենք, որպեսզի ներկայանաս»: Փաստ է, որ մի կառույցից ասում են, որ հանձնաժողով կա, մյուսից՝ չկա, իսկ քննիչը խոստովանում է, որ այն պետք է ստեղծվի առաջիկայում: Հիմա ո՞վ է ստում…

Տեսանյութեր

Լրահոս