Շարլ Ազնավուրին շախմատ խաղալ սովորեցրել է Միսաք Մանուշյանը (տեսանյութ)
Ցյուրիխի գերմրցաշարի 4-րդ տուրում պատվավոր հյուր է եղել լեգենդար երգիչ, դերասան, ՀՀ ազագային հերոս Շառլ Ազնավուրը, ով նաև Հայաստանի հանրապետության դեսպանն է Շվեյցարիայում: Ազնավուրը հանդիպել էր Արոնյանին և մինչ 4-րդ տուրի մեկնարկը զրուցել Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարի հետ: Իսկ Նակամուրային հաղթելուց հետո Արոնյանը Twitter-ի իր էջում նշել էր, որ հաղթանակը նվիրում է Շառլ Ազնավուրին: «Այսօրվա հաղթանակը նվիում եմ մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այնքան սիրալիր գտնվեց, և ինձ այցելեց այստեղ՝ Ցյուրիխում»,- գրել էր Արոնյանը:
Հիշեցնենք, որ «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը Ցյուրիխում բացառիկ հարցազրույց է անցկացրել լեգենդար Շարլ Ազնավուրի հետ: Երգիչը պատմել է, որ 30-35 տարի առաջ խենթի պես սիրել և շախմատ է խաղացել: Նրան շախմատ խաղալ սովորեցրել է բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը, ով այդ ժամանակ նրանց տանն է ապրել: Ի դեպ, Ազնավուրը նշել է, որ հնարավոր է՝ իր ծննդյան 90-ամյակը մայիսին համերգային ծրագրով նշի Հայաստանում: