Հերթական անգամ մերժեցինք Եվրոպային

Հայաստանի խորհրդարանի 7 պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը՝ ՀՀԿ-ից, Ստեփան Մարգարյանը՝ ԲՀԿ-ից, Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ից, Աղվան Վարդանյանը՝  ՀՅԴ-ից, Թևան Պողոսյանը՝ «Ժառանգությունից», և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասուլիս էին հրավիրել և բուռն բանավիճում էին, թե ինչու է տապալվել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ համատեղ փաստաթղթի ստորագրումը: Ասուլիսին մասնակցում էր նաև ՕԵԿ ներկայացուցիչ Կարեն Բոթոյանը, բայց նա այդպես էլ որևէ բառ չարտասանեց:

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: Այս նիստն առաջինն էր՝ ՄՄ-ին անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո: Ըստ ժամանակացույցի՝ նիստ պետք է տեղի ունենար նաև 2013թ. նոյեմբերին Հայաստանում, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորներն այն ժամանակ դեմոնստրատիվ հրաժարվել էին Հայաստան գալ:

Հայաստան էր եկել միայն Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը, ով հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ, որտեղ նրան վստահեցրեցին, որ Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն իր նիստերի քննարկումների արդյունքում կազմում է համատեղ փաստաթուղթ, որը ստորագրվում է Հայաստանի և ԵՄ խորհրդարանականների կողմից: Այս անգամ ԵՄ կողմից կազմված փաստաթուղթը հայկական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը հրաժարվել է ստորագրել: Ֆարմանյանն ասում է, որ իր համար այդ փաստաթղթի ստորագրումն անընդունելի էր, քանի որ Եվրախորհրդարանի պատվիրակները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ և ուլտիմատիվ կերպով պահանջել են այն ստորագրել՝ չընդունելով փոփոխության որևէ առաջարկ:

Սամվել Ֆարմանյանը ներկայացնում է, որ ինքն առաջարկել է տեքստում ավելացնել ձևակերպում, ըստ որի՝ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա. այն է՝ ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքի բացառում, ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչում: Ըստ Ֆարմանյանի՝ վերջին մի քանի տարիներին Հայաստանի կողմից չի ստորագրվել որևէ փաստաթուղթ, որտեղ չկա հղում այս երեք սկզբունքներին: Եվ եթե ինքը համաձայնվեր և ստորագրեր այս փաստաթուղթը, ապա դա կարող էր դիտարկվել՝ որպես հրաժարում այս սկզբունքներից:

Ի՞նչ են ասում Ֆարմանյանի ընդդիմախոսները: ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանն ասում է, որ այս փաստաթղթի ստորագրումը կարևոր էր այնքանով, որ սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ-ում առաջացել էր անակնկալի և չհասկացվածության մթնոլորտ, և  փաստաթղթի ստորագրումն անհրաժեշտ է, որպեսզի եվրոպացի գործընկերներին ցույց տրվի, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ. սեպտեմբերի 3-ով ամեն ինչ չէ, որ ավարտվել է: Վարդանյանը վստահ է, որ հնարավոր էր բանակցությունների միջոցով հասնել փոխզիջման,  և համարում է, որ փաստաթուղթը, նույնիսկ առանց Ֆարմանյանի առաջարկած ուղղումն ավելացնելու, կարելի էր ստորագրել:

Ինչ վերաբերում է Ֆարմանյանի նշած երեք հայտնի սկզբունքներին, ապա ըստ Վարդանյանի՝ փաստաթղթում նշված է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջնորդվող բանակցություններում, իսկ Մինսկի խմբի համանախագահները  մշտապես հայտարարել են, որ խնդիրը պետք է լուծվի այս երեք սկզբունքների շրջանակներում: ԲՀԿ-անդամ Ստեփան Մարգարյանը ևս կրկնում է, որ փաստաթուղթը կարելի էր ստորագրել:

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում տիրում է գաղջ մթնոլորտ: Ըստ նրա՝ Եվրամիությունում ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում մտածել, որ Հայաստանը ոչ թե ինքնիշխան պետություն է, այլ Ռուսաստանի ֆորպոստ: Հայաստանն ընկալվում է՝ որպես մի երկիր, որն ընդունակ չէ ինքնուրույն որոշում կայացնել:

Փաշինյանի ձևակերպմամբ՝ Հայաստան-Մաքսային միություն հարաբերությունները զարգանում են՝ ի հաշիվ Հայաստան-ԵՄ հարաբերությունների, և որքան Հայաստան-ՄՄ հարաբերությունները զարգանում են, այնքան թուլանում են հարաբերությունները ԵՄ-ի հետ: Փաշինյանն ակնարկեց նաև, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Եվրախորհրդարանի պատվիրակության հետ բանակցություններ է վարում ոչ թե իրենց պատվիրակությունը, այլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նման մի ակնարկ էլ արեց Աղվան Վարդանյանը, ով լրագրողներին խորհուրդ տվեց շատ չփորփրել այդ պատմությունը, այլապես իրենք ստիպված կլինեն ասել բաներ, որոնք չպետք է ասվեն: Աղվան Վարդանյանը,  թերևս, ուզում էր ասել նույնը. փաստաթղթի ստորագրման վրա արգելք է դրվել Երևանից:

Այսքանից հետո տարօրինակ է, թե ինչու են հայ պատգամավորները գնում Եվրոպա և փորձում բանակցել եվրոպացի խորհրդարանականների հետ, եթե դրանց արդյունքը կանխորոշված է: Կանխորոշված է այնքանով, որ Հայաստանն այլևս զրկված է ԵՄ-ի հետ ինքնուրույն հարաբերություններ ունենալուց: Մնացածը, այդ թվում՝ փաստաթուղթ ստորագրելը, հարաբերությունների իմիտացիա է: Մի՞թե կարելի է այդքան միջոցներ և նյարդեր ծախսել՝ հանուն իմիտացիայի: Պետք է զարմանալ նաև եվրոպացի խորհրդարանականների վրա, ովքեր սեպտեմբերի 3-ից հետո շարունակում են բանակցել հայկական պատվիրակության հետ. չէ՞ որ մի ինչ-որ պահի այդ բանակցությունները և դրանց արդյունքում ստեղծված փաստաթուղթը կարող է ճանաչվել առոչինչ:

Տեսանյութեր

Լրահոս