Բաժիններ՝

Երևանը Ռուսաստանին խնդրում է դյուրացնել վիզային ռեժիմը հայ ներգաղթյալների համար. «Известия»

Ռուսական «Известия» պարբերականը գրում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել է ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշեւին` Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու խնդրանքով:  Նպատակը Ռուսաստանում հայաստանցի աշխատանքային ներգաղթյալների գտնվելու պայմանների դյուրացումն է` պայմանավորված Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքով:

Խոսքը հունվարի 1 –ից Ռուսաստանում ուժի մեջ մտած վիզային ռեժիմի եւ  օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում մեկանգամյա   գտնվելու առավելագույն ժամկետն  90 օր սահմանելու մասին է: Սա վերաբերում է Ռուսաստանում գտնվող  մոտ 2 մլն հայերին: «Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի կողմից ապօրինի ներգաղթի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Սակայն  դրանում հաշվի չեն առնվել Երեւանի եւ Մոսկվայի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարեւոր նրբերանգներ»,-ասվում է Ա. Բաղդասարյանի նամակում:

«Ռազմավարական գործընկերների, մասնավորապես` Հայաստանի հետ Ռուսաստանն իրեն լիբերալ մոտեցում կարող է թույլ տալ, ինչպես դա իր սահմանների ներսում արել է Եվրամիությունը: Երկու երկրներին անհրաժեշտ է լուծել մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման հարցը»,-նշել է Ա. Բաղդասարյանը:

Իր հերթին Երեւանն արդեն այդ ուղղությամբ քայլ կատարել է: Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների նկատմամբ  գտնվելու ժամկետի սահմանափակում չի կիրառվում եւ հետագայում եւս չի կիրառվի: Մոսկվայից պատասխան քայլ է ակնկալվում:

Փետրվարի 5 -ին Երեւանում ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտնի դաձավ հարցի վերաբերյալ մոտ ժամանակներում բանակցություններ սկսելու վերաբերյալ ռուսաստանյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին:  Հայաստանը մտադիր է առաջարկել համատեղ աշխատանքային խումբ ստեղծել` Անվտանգության խորհրդի, ԱԳՆ-ի եւ միգրացիոն մարմինների մասնակցությամբ` փոխընդունելի լուծումներ գտնելու համար:

«Երեւանին անհրաժեշտ է, որպեսզի Մոսկվան առնվազն մեկ տարով երկարացնի Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների մեկանգամյա գտնվելու ժամկետը: Փորձը ցույց է տալիս, որ նրանք Ռուսաստանում գտնվում են երեք ամսից ավելի»,- ասել է Հայաստանի միգրացոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

«Բացառված չէ, որ մենք փորձում են Մոսկվայի հետ հասնել  ներգաղթյալների երկարաժամկետ կեցության վերաբերյալ երկկողմ պայմանագրի ստորագրման, ինչը գոյություն ունի Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ»,-ավելացրել է նա:

Տվյալ հարցի շուրջ առաջընթացի բացակայությունը կարող է երկու երկրների հարաբերությունների միջեւ որոշակի լարվածություն առաջացնել:

Ռուսաստանի օրենսդրական փոփոխություններն արդեն որոշակի դժվարություններ են հարուցել այն անձանց մոտ, ովքեր ցանկացել են մեկնել Ռուսաստան: Արդյունքում ամանորյա տոներից հետո հայրենիք ժամանած բազմաթիվ հայեր, մեծ մասամբ Վարդենիսից, չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան աշխատելու: Նրանք մնացել են ռուս-վրացական սահմանին: Սահմանապահները հայտարարում են, որ  նրանց մուտքը թույլ կտան  միայն ապրիլի 26-ից հետո: Ընդ որում, նրանցից շատերի մոտ անգամ հայրենիք վերադառնալու գումար չկա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս