Կառավարությունը Հայաստանը զրկեց սեփական էներգետիկայից. Ստեփան Դեմիրճյան

«Անցած տարին որևէ դրական տեղաշարժ չարձանագրեց մեր պետության կյանքում»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

«Արտագաղթ, գործազրկության և աղքատության  աճ, ներդրումների կտրուկ նվազում, փոքր ու միջին ձեռնարկատիրության անկում, երկրի արտաքին պարտքի ավելացում,  արտաքին առևտրի  հաշվեկշռի վատթարացում՝ սա է իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքը»,- ասաց նա, ապա ավելացրեց. «Կառավարության կողմից կանխատեսվող 6.2, այնուհետև 4.1% տնտեսական աճը իրականություն չդարձավ: Ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական աճը կազմեց ընդամենը 3.5 տոկոս»:

Ս. Դեմիրճյանը նշեց, որ 2013 թվականը նշանավորվեց նաև գազային պայմանագրով, որի համաձայն՝ բացառիկ արտոնություններ տրամադրվեցին «Գազպրոմին»:  Ըստ նրա՝ ակնհայտ դարձավ նաև, որ կառավարությունը երկար ժամանակ թաքցրել է ժողովրդից գազի թանկացման փաստը: «Գործող վարչախումբը, ինչպես և նախորդը, կարծես թե, նպատակ է դրել ազատվել բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններից: Հետո էլ իրար հետ բանավիճում են, թե ով որ ստրատեգիական օբյեկտը ավելի լավ վաճառեց: Այս տարի էլ հերթը հասավ «Որոտան» կասկադին: Հավատարիմ մնալով իր ոչ թափանցիկ գործելակերպին՝ կառավարությունը իր 100 տոկոսանոց սեփականությունը հանդիսացող, շահութաբեր, էժան էլեկտրաէներգիա արտադրող և ռազմավարական նշանակություն ունեցող «Որոտան» Հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքը իրականացրեց՝ շրջանցելով Ազգային ժողովը, առանց պետական գույքի մասնավորեցման ընթացակարգը պահպանելու և մրցույթ հայտարարելու: Օտարեց իրական գնից շատ ավելի էժան գնով, զրկելով Հայաստանը սեփական էներգետիկայից:  Եվ հիմա որքան էլ փորձեն ներկայացնել «Որոտան» կասկադի վաճառքը որպես փայլուն գործարք,  ակնհայտ է, որ այն համալրեց կասկածելի գործարքների շարքը: Մենք դատապարտում ենք կառավարության նման գործելակերպը: Պետք է վերջ տալ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների տենդագին վաճառքին: Պատշաճ վերաբերմունք պետք է դրսևորվի նաև պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Անընդունելի ենք համարում Զվարթնոց օդանավակայանի հին շենքը քանդելու մասին որոշումը ինչը արդարացի դժգոհություն է առաջացրել թե հասարակության մեջ և թե մասնագետների շրջանում և պահանջում ենք կառավարությունից միջոցներ ձեռնարկել՝ օդանավակայանի հին շենքը քանդելը բացառելու նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս