Ուկրաինայի ժամանակավոր վարչապետն ունի ավստրիական անձնագիր. եվրապատգամավոր
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն Ավստրիայի քաղաքացիություն: Այս մասին հայտարարել է եվրապատգամավոր, «Կանաչներ» ու «Եվրոպական ազատ դաշինք» խմբի համանախագահ Ռեբեկա Հարմսը:
Նա ընդգծել է, որ խոսքը գնում է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, առաջին փոխվարչապետի (վարչապետի պաշտոնակատար) Սերգեյ Արբուզովի ու նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի մասին.
«Արբուզովը, Կլյուևը և Ազարովն այն անձինք են, որոնց վրա է ընկնում Ուկրաինայում բռնության ու տեռորի պատասխանատվությունը: Նրանք ունեն Ավստրիայի անձնագրեր և ազատորեն կարող են շրջել ԵՄ-ում: Այդ մասին մենք իմացել ենք մեր ավստրիացի գործընկերներից»:
Պատգամավորը ԵՄ-ի ղեկավարությանը կոչ է արել վիզային պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ: Ուկրաինայի օրենսդրությամբ նախատեսված չէ երկքաղաքացիություն, սակայն այն ձևականորեն արգելված էլ չէ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ավստրիական Kronen-Zeitung պարբերականը հայտնել էր, որ Նիկոլայ Ազարովը հրաժարական տալուց ժամեր անց մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ավստրիա, ուր բնակվում է նրա որդին: