Բաժիններ՝

«Այսօր ինձ հասցրել են կատարյալ կործանման». Ֆերմերը բողոքում է «Գազպրոմ Արմենիա»-ի դեմ

Լոռու մարզի Գյառգյառ գյուղի բնակիչ, նախկինում ջերմատնային գործունեությամբ զբաղվող «Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանն արդեն 7 տարի պայքարում է «ՀայՌուսգազարդ» (ներկայումս «Գազպրոմ Արմենիա») ընկերության կամայականությունների դեմ: Այսօր ասուլիսում Ս.Հարությունյանը պատմեց, որ ընկերությունն ապօրինաբար անջատել է 2500 քմ մակերեսով իր ջերմոցի գազը, որի հետևանքով մինչ օրս իրենց պատճառված միայն բերքի կորստից հասցված վնասը 85մլն դրամ է, իսկ հաշվի առնելով, որ այս ժամանակահատվածում վնասվել է նաև ջերմոցը (կոտրվել են ապակիները) ընդհանուր վնասը գերազանցում է 100 մլն դրամը:

«Այդքան աշխատատեղ է փակվել, հարյուրավոր տոննա էկոլոգիապես մաքուր գյուղմթերք չի արտադրվել, ինչու չէ, նաև ՀայՌուսգազարդն է վնաս կրել՝ մեր ջերմոցը մինչև հիմա կարող էր 1.5 մլն գազ սպառել: Այսօր ինձ հասցրել են կատարյալ կործանման»,- ասաց Ս.Հարությունյանը:

Ֆերմերը դիմել է պետական տարբեր մարմինների՝ նախագահի աշխատակազմ, Արդարադատության խորհուրդ և այլն, սակայն աջակցություն դեռևս չկա: Ս.Հարությունյանի խոսքով՝ «ՀայՌուսգազարդի» և «Հասառի» միջև վեճը ծագել է 2007-2008թթ.՝ պարտքի պատճառով. մատակարարն անջատել է գազը, սակայն պարտքը վճարելուց հետո այլ գումարային պահանջներ է ներկայացրել: Նա պատմեց, որ Արաբկիրի Քանաքեռ-Զեյթուն դատարանի առաջին ատյանում 2013 թ. մարտին շահել է, 45 մլն դրամի պահանջը բավարարվել է, սակայն նույն դատարանում ոստիկանության անգործության դեմ գործով 2014 թ. հունվարի 30-ին հայցը մերժվել է: Այժմ ֆերմերը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան:

«Պետության մեջ պետություն են: Նույնիսկ դատարանից են վերցրել փաստաթուղթ, կեղծել ու նորից դրել են դատարանի փաստաթղթերի մեջ»,- նշեց Ս.Հարությունյանը՝ հավելելով, որ պահանջում է վնասների փոխհատուցում և գազի մատակարարման վերականգնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս