Խորհրդարանական դեժավյու
ԱԺ ՀՅԴ խմբակցության համար գազի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկումը դեժավյու է: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խմբակցության անունից անդրադառնալով ՀՀԿ քննադատություններին, հայտարարեց. «Կներեք, բայց մենք հիմք չունենք հավատալու այդ անկեղծությանը: Ասեմ ինչու, փորձեմ մեր մեծամասնության հիշողությունը թարմացնել: Այս ամենի մասին մենք խոսել ենք չորս տարի առաջ: Դաշնակցությունն այն ժամանակ բարձրացրեց հարց, որ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը: Չորս տարի առաջ ասել ենք, և հիմա դուք զարմանում եք, թե ի՞նչ հարց եք բարձրացնում, որ եթե շուտ բերեիք, մենք կուսումնասիրենք, իրար հետ կաշխատեինք… Դե աշխատեինք»:
Արմեն Ռուստամյանը հիշեց, որ չորս տարի առաջ իրեն պատգամավորներից մեկն ասել է, թե. «Լավ, ասում եք՝ պետք է ստեղծենք ժամանակավոր հանձնաժողով, դրա անհրաժեշտությունը մենք ունենաինք, մի՞թե չէինք ստեղծի։ Բայց եթե չենք ստեղծել, ուրեմն չկա չէ՞ դրա անհրաժեշտությունը»: Ռուստամյանի խոսքով՝ ինքն էլ այն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորին պատասխանել է. «Կներեք, ձեր ասածը հիշեցնում է մի հայտնի անեկդոտ: Մեկն իջնում է ավտոբուսից, ասում են՝ տոմսն ո՞ւր է, ասում է ի՞նչ տոմս։ Ասում են՝ դե ավտոբուսի տոմսը ցույց տուր, նա էլ պատասխանում է, թե ավտոբուսից չի իջել։ Մյուսն էլ ասում է՝ ո՞նց, ես տեսա, որ ավտոբուսից իջար։ Պատասխանում է՝ լավ, արի հասկանանք, եթե ավտոբուս էի նստել, պիտի տոմս ունենայի, չէ՞, բա ո՞ւր ա: Հիմա էս վիճակն է, ու էս տրամաբանությամբ մենք մինչև ո՞ւր պիտի շարժվենք»:
ՀՅԴ պատգամավորը վստահեցրեց, որ եթե 4 տարի առաջ գազի հարցով ստեղծվեր ժամանակավոր հանձնաժողով, Հայաստանն այս վիճակում չէր հայտնվի: Ըստ նրա՝ սա լավ օրինակ է` հասկանալու համար, որ երբ պետական կառույցները չեն գործում, երկրում ստեղծվում է մի վիճակ, երբ «սուս ու փուս, գաղտագողի ինչ ասես կարող են անել, մենք էլ փաստի առաջ ենք կանգնում, իսկ մեր ուածն այն է, որ ԱԺ-ն տեր կանգնի իր լիազորություններին»: