Փայլակ Հայրապետյանը հարցեր ունի Աշոտ Սուքիասյանին
Գործարար, հայտնի «օֆշորի գործով» հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանն օրերս ձերբակալվել էր Թբիլիսիի օդանավակայանում: Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը երեկ ասաց, որ Սուքիասյանի արտահանձնման հարցը դեռևս ընթացքի մեջ է:
Երեկ hetq.am-ը տեղեկատվություն տարածեց, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ՝ Սուքիասյանը դատապարտվել է արտահանձնման կալանքի. 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթերով հիմնավորի Ա. Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնի է, Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:
Գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե Ա. Սուքիասյանին «չբռնեին», գործը թերի կմնար, չէինք իմանա՝ ի՞նչ է կատարվել: «Հիմա, եթե բռնել են, ինձ թվում է՝ քննությունով կպարզվի, թե ո՞ւմ հետ է աշխատել, ո՞վ է կարգադրել, ո՞վ է նրան բաց թողել, նրան բռնել էին, որ հանրապետությունից փախել է, գումարներն ո՞ւր են տարել, ո՞ւմ միջոցով են այս ամեն ինչը կատարել, ինչի՞ համար էին ինձ կանչել այդ ժողովին, խորհրդակցությանը»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք հույս ունե՞ք, որ Ա. Սուքիասյանին ձերբակալելուց հետո Ձեր ունեցվածքը ետ կստանաք, Փ. Հայրապետյանը պատասխանեց. «Ես հույս ունեմգ, ոչ թե հույս ունեմ՝ դա 150 տոկոս է, իմ ունեցածը նախ` իրավունք չունեին վաճառելու, քանի որ գործը քննչական մարմիններում էր, դատարանում էր, դեռ ավարտված չէր, ում տվել են, նրանք գնորդներ չեն, այդ բոլորը պետք է ինձ ետ վերադարձնեն: Ես դա կարող եմ վստահ ասել, որովհետև ինչ ուզում է լինի, սա պետություն է, սա օրենքներ, սահմանադրություն, հանրապետության դատախազ, նախագահ ունի: Ինձ թվում է՝ ամեն ինչ մեռած չէ, կան հանցագործներ, կեղտեր, թալանչիներ, բայց նրանց մեջ կան և լավ մարդիկ: Ես հույս ունեմ»:
Փ. Հայրապետյանից հետաքրքրվեցինք` արդյոք նրա կարծիքով` Հայաստան արտահանձնելուց հետո Ա. Սուքիասյանի հետ կլինե՞ն առերեսումներ: «Անպայման պիտի լինի, ինչպե՞ս թեգ Ինձ թվում է՝ հենց որ բերեն, իրեն քննելու են, հետո ինձ կանչեն առերեսման»,- ասաց նա՝ նշելով, որ Ա. Սուքիասյանին ուղղված իր հարցերը վաղուց արդեն պարզ են:
«Ես պիտի ասեմ՝ դու ասում էիր` պիտի 10000 բանվորի ապահովես, հետո Հայաստանը դարձնես ադամանդի, ոսկու արտադրության ծաղկուն կենտրոն, մենք էլ պիտի դառնայինք քո աշխատողը, դու մեզ պիտի աշխատեցնեիր, այդ ապրանքները տանեիր, վաճառեիր, Ռուսաստանից էլ բարձր մակարդակով, մեծ քանակությամբ, 10-15 տոկոս էժանով պիտի բերեիր և մեր ժողովրդին աշխատեցնեիր, ի՞նչ եղավ դա, ո՞վ քեզ խանգարեց, ո՞վ չթույլատրեց, ինչի՞ համար գումարը ստացար, միանգամից ուղարկեցի՞ր օֆշորային գոտի»,- թվարկեց Փ. Հայրապետյանը՝ հավելելով, որ Ա. Սուքիասյանն անգամ «մի կոպեկ» չի ծախսել բիզնես-ծրագրի համաձայն:
Հարցին՝ արդյոք այս գործով կլինի՞ հրապարակային դատական քննություն, արդյոք հրապարակային եղանակով ցուցմունքներ կհնչե՞ն, Փ. Հայրապետյանը պատասխանեց. «Այո՛, ես կարծում եմ` կլինի, որովհետև ժամանակին հանրապետության նախագահը տեղյակ չի եղել, ժամանակին տեղյակ չի եղել հանրապետության դատախազը: Ես կարծում եմ, որ արդար ձևով քննություն է լինելու, մեղավորները պատժվելու են մինչև վերջ: Ես հույս ունեմ»: