
Այսօր վերսկսվում են Թբիլիսիից Սոչի ավիաչվերթները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր վերսկսվում են Թբիլիսիի ու Սոչիի միջև ուղիղ մարդատար չարտերային ավիաչվերթները, ինչն աննախադեպ իրադարձություն է 2008 թվականից սկսած:
Թռիչքները շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի ու հինգշաբթի, իրականացնելու է վրացական Airzena – Georgian Airlines ավիաընկերությունը: Թռիչքներն իրականացվելու են Bombardier CRJ ինքնաթիռներով, որոնք ունակ են փոխադրել մոտ 90 մարդու:
Ընկերության ղեկավարությունը լրագրողներին հայտնել է, որ Սոչիի օլիմպիական խաղերի կապակցությամբ իրենք դեռևս մի քանի ամիս առաջ են դիմել ռուսական կողմին՝ թույլատրելու համար Թբիլիսիի ու Սոչիի միջև չարտերային թռիչքների իրականացում:
Ռուսական կողմը թույլատրել է այդ ուղղությամբ թռիչքներ իրականացնել մինչև մայիս: Չի բացառվում, որ թռիչքները շարունակվեն նաև ամռանը, քանի որ այդ ժամանակ դրանց պահանջարկն ավելի մեծ է: Airzena-ն որոշել է թռիչքները սկսել այսօրվանից:
Վրաստանի ու Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթները դադարեցվել են 2008 թվականի օգոստոսին, չարտերային թռիչքներ իրականացվում են 2010 թվականից: