
Սաուդյան Արաբիայում կազատազրկեն արտերկրում պատերազմող երկրի քաղաքացիներին

Լիբանանյան Daily Star թերթի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաման են հրապարակել, որի համաձայն, սեփական նախաձեռնությամբ արտասահմանում պատերազմող երկրի քաղաքացիներին սպառնում է 3-20 տարվա ազատազրկում:
Բացի ադ, դրանով սահմանվել է 5-30 տարվա ազատազրկում այն կազմակերպություններին աջակցելու համար, որոնք Էր-Ռիյադի կողմից ճանաչվել են ահաբեկչական:
Ավելի վաղ սաուդյան իշխանություններն արդեն իսկ փորձեր են ձեռնարկել իրենց քաղաքացիներին համոզելու համար, որ չմասնակցեն Սիրիայի կառավարական զորքերի դեմ մարտերին: Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ մոտ 1200 սաուդցի միացել է Սիրիայի ապստամբներին:
Թերթն ընդգծում է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայի ապստամբական մի շարք խմբավորումների, որոնք պայքարում են նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ, սակայն հավանության չի արժանացնում հակամարտությանը սաուդցիների մասնակցելը: