Ո՞վ կհաղթի Հայաստանում
Մինչ Հայաստանը 7 մղոնանոց քայլերով սլանում է դեպի Մաքսային միություն՝ մեկուսանալով ինչպես՝ տարածաշրջանից, այնպես էլ՝ աշխարհից, տարածաշրջանում և աշխարհում տեղի են ունենում ինտենսիվ գործընթացներ, որոնք Հայաստանը կարող են դարձնել աշխարհաքաղաքական շահերի բախման էպիկենտրոն: Եթե, իհարկե, արդեն իսկ չեն դարձրել: Խոսքը, բնականաբար, վերաբերում է առաջին հերթին՝ Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարին, որը մի կողմից՝ Հայաստանի համար կարող է՝ նոր հնարավորությունների, մյուս կողմից՝ «թնդանոթի միս» դառնալու աղբյուր հանդիսանալ:
Ռուսաստանի իշխանական-քարոզչական շրջանակները ներկայացնող փորձագետներն արդեն բացահայտորեն հայտարարում են, որ Ղարաբաղը կարող է դառնալ Արևմուտքի և Իրանի ջերմացումը կանխելու տարբերակներից մեկը Ռուսաստանի համար: Ավելի պարզ ասած՝ չեն բացառում, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումը, որպես դրա հետևանք՝ նոր աշխարհաքաղաքական իրադրության հաստատումը թույլ չտալու համար ռուսները կարող են պատերազմ հրահրել Ղարաբաղում՝ ռուս «խաղաղապահներին» Ղարաբաղ մտցնելու նպատակով:
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Ռուսաստանն այստեղից չի պատրաստվում հեռանալ: Հակառակը՝ մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Հարավային Կովկասում»,- դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսական բազա այցելելուց րոպեներ առաջ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հարավային Կովկասում Ռուսաստանի «դիրքն» այլևս սկսվում և վերջանում է Հայաստանում, հետևաբար՝ Պուտինի այդ հայտարարությունը վերաբերում էր առաջին հերթին ու առավելապես՝ Հայաստանին: Այդ հայտարարությունից անցել է ընդամենը երկու ամիս, և մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն, անգամ ռուսների համար զարմանք առաջացնող արագությամբ, իրականություն են դարձնում Պուտինի հայտարարությունը:
Արևմուտքը, բնականաբար, չէր կարող անհետևանք թողնել Պուտինի այդ հայտարարությունը, որն իրականում Ռուսաստանի եվրասիական նկրտումներն արտահայտող դրույթներից մեկն է: Եվ ահա, փետրվարի 1-ին Մյունհենում կայացած անվտանգության համաժողովում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գրեթե ուղղակիորեն պատասխանել է Պուտինի հայաստանյան հայտարարությանը:
«ԱՄՆ-ը ջանասիրաբար աշխատում է Ղարաբաղյան ու Կիպրական հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Մենք աշխատում ենք Ղարաբաղի, Կովկասի ուղղությամբ:
Երբեմն մենք աշխատում ենք աննկատ, և դուք չեք լսում այդ մասին: Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և չեն դադարում ոչ մի օր,- հայտարարել է Քերին՝ ավելացնելով,- Աշխարհում չկա մի տեղ, որտեղից ԱՄՆ-ը նահանջում է»։ Թերևս հենց այս՝ «չնահանջելու» տրամաբանության մեջ պետք է դիտարկել անցած շաբաթ «Որոտանի» կասկադն ամերիկյան ընկերությանը վաճառելու գործարքը, որը Հայաստանի իշխանությունը հազիվ թե կարող էր կնքել՝ առանց ռուսական համաձայնության:
Ավելին, վերը նշված հայտարարությունների համատեքստում Հայաստանի իշխանություններն այդ գործարքում, ըստ էության, «տեխնիկական միջնորդի» դեր են խաղացել՝ ընդամենը ֆորմալ առումով Հայաստանին պատկանող ռազմավարական օբյեկտն ամերիկացիներին վաճառելու գործում, քանի որ մեր իշխանությունն այլևս զրկվել է նման կարևորագույն հարցերում ինքնուրույն որոշում կայացնելու մանդատից:
«Երբեմն մենք աշխատում ենք աննկատ, և դուք չեք լսում այդ մասին»,- ասում է ԱՄՆ պետքարտուղարը, ինչը ստիպում է առաջիկայում ևս չբացառել Հայաստանում ռուս-ամերիկյան համաձայնության կամ դիմակայության որևէ գործարքի կայացման կամ տապալման մասին:
Պատմականորեն Հայաստանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը պարբերաբար բախվել կամ ժամանակավորապես համադրվել են, ինչը մեր երկրի համար, թերևս, պետք է համարել քաղաքական-աշխարհագրական օբյեկտիվ իրողություն: Այդ իրողությունը պետք է ոչ թե ողբերգություն դարձնել և լացել մեր անիծյալ բախտը, այլ փորձել շահերի բախման կամ համադրման մեջ «տեղավորել» նաև Հայաստանի շահը:
Դա ցանկացած փոքր և Հայաստանի նման պայմաններում գտնվող երկրի արտաքին քաղաքականության այբուբենային դրույթն է, որը մեր դեպքում պահպանվում է միայն մեր պաշտոնյաների հայտարարությունների մակարդակում: Իրական քաղաքականության մակարդակում Հայաստանի շահ՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունի: Հայաստանի շահն այլևս տնօրինում է Ռուսաստանը, երբեմն՝ պաշտպանելով, երբեմն՝ զոհաբերելով աշխարհաքաղաքական մեծ խաղում: Իսկ մեզ մնում է միայն հետևել, թե ո՞վ կհաղթի ոչ այնքան՝ Հայաստանի համար, սակայն Հայաստանում ընթացող պայքարում: