Այրոցքը` կերակրափողի քաղցկեղի պատճա՞ռ
Աղեստամոքսային համակարգի օրգանների չարորակ ուռուցքները` որպես օրենք, ունեն բարորակ նախապատություն։ Բարորակ ուռուցքների վերափոխումը չարորակի երկարատև ընթացք ունի` տասնյակ տարիներ։
Հաստ և ուղիղ աղիի չարորակ ուռուցքների զարգացման նախապայման են հանդիսանում պոլիպները, ստամոքսի դեպքում` ատրոֆիկ ստամոքսաբորբը` երբ վնասվում է էպիթելիումը, լյարդի ցիրոզը զարգանում է հեպատիտի հետևանքով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը զարգանում է պանկրեատիտի ֆոնի վրա։
Կերակրափողի քաղցկեղը զարգանում է հետևյալ ձևով. ստամոքսից կերակրափող են բարձրանում աղաթթուն և պեպսինը, ինչի հետևանքով կերակրափողի թաղանթի բջիջները վերակառուցվում են և անբարենպաստ պայմանների համընկնման դեպքում առաջանում է ադենոկարցիոմա` քաղցկեղ։
Աղեստամոքսային համակարգի օրգանների քաղցկեղի բուժման հավանականությունը շատ ցածր է։
Թերապևտների և գաստրոէնտերոլոգների հեռահար խնդիրը կայանում է նրանում, որ ժամանակին ախտորոշվեն քաղցկեղի պատճառ հանդիսացող վերոգրյալ հիվանդությունները, ինչը հնարավորություն կտա ժամանակին նկատել չարորակ գոյացության առաջացման վտանգը։
Ըստ վիճակագրական տվյալների` նման մոտեցման դեպքում հիվանդը ճիշտ ժամանակին է հայտնվում բժիշկ-ուռուցքաբանների հսկողության տակ, և զգալիորեն նվազում են մահացության դեպքերը։
Կարևոր է, որ այս բոլորի մասին իմանա ցանկացած մարդ. օրինակ, եթե հիվանդի մոտ շաբաթական ավելի քան 1 անգամ նկատվում է այրոցք գիշերային ժամերին, ապա առանց հապաղելու պետք է դիմել բժշկի, քանի որ նման դեպքում մեծ է կերակրափողի քաղցկեղի արագ զարգացման վտանգը։
Իհարկե, ոչ բոլոր այրոցք ունեցող մարդկանց մոտ է քաղցկեղ առաջանում, սակայն կերակրափողի քաղցկեղի առաջացման նախապայմանը գործնականում գրեթե միշտ այրոցքն է։
2011 թվականին աշխարհի մոտ 400 հազար բնակիչների մոտ կերակրափողի քաղցկեղ է հայտնաբերվել, արձանագրվել է հիվանդության աճի միտում նախորդ տարիների նկատմամբ, իսկ այրոցքի զգացումը ունեցողների թիվն անհամեմատ ավելի մեծ է` յուրաքանչյուր 10 մարդուց` 3-4-ը։
Նրանք, ում մոտ արոցքը հաճախակի է կրկնվում, պետք է անհապաղ հետազոտվեն գաստրոէնտերոլոգի մոտ, եթե միաժամանակ` ուտելիս նկատվում է ցավ, ծամված սննդամթերքի անցանելիության խոչընդոտում կամ քաշի նվազում, ապա խորհուրդ է տրվում անցնել գաստրոստոպիկ հետազոտություն, որը բացարձակապես ցավ քչի պատճառում։ Սարքը կհայտնաբերի, թե որոնք են սննդամթերքի դժվար անցանելիության պատճառները, և բժիշկը կորոշի բուժման սխեման։
Այրոցքի առաջացման պատճառները կարող են լինել ներքին և արտաքին։
Մարդու օրգանիզմում կան մի քանի փականներ, որոնցից մեկը խոչընդոտում է, որպեսզի ստամոքսահյութը, որն ունի թթվային բնույթ, անցնի կերակրափողի մեջ։ Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ այրոցքի առաջացման պատճառը հիմնականում այդ փականի «անսարքությունն» է, որը ստամոքսի շարժողական ֆունկցիայի անբավարարության հետևանք է (դեպքերի մոտ 80%-ը)։
Հաճախ դա բացատրվում է ստամոքսի ծանրաբեռնվածությամբ, որն իր հերթին` անկանոն սնվելու հետևանք է։ Ստամոքսի ծավալն առավելագույնը կարող է ընդարձակվել մինչև 4 լիտր, սակայն խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել այն ավելի քան կես լիտր ծավալ ունեցող սննդամթերքով նախաճաշին, ճաշին, ընթրիքին, երկրորդ նախաճաշին կամ ետճաշիկին։
- Մեր ժամանակներում «վերելք ապրող» գիշերային կյանքը և ծանրաբեռնված աշխատանքային օրից հետո` ուշ ժամերին կուշտ ուտելու սովորությունը հակաբնական երևույթներ են, որոնք հակասում են մարդու օրգանիզմին բնորոշ ռիթմերին` Մեծ կենսաբանական ժամացույցին։
- Վերջերս ակամա ունկնդիրն եղա հետևյալ արտահայտության. «Մի կուշտ ուտելուց հետո, որ այրոցքս սկսում է, մի քիչ սոդա եմ խմում, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում»։ Իհարկե, սոդան չեզոքացնում է ստամոքսի թթվային բաղադրություն ունեցող հյութի ազդեցությունը։ Այդպես էին անում նաև մեր պապերը։
Սակայն Մոսկվայի թիվ 1 Բժշկական Համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Ա. Տրուխմանովը զգուշացնում է, որ սոդան նույնպես ագրեսիվ միջավայր է ստեղծում և կարող է այրոցքի պատճառ դառնալ։
Կրկին ևս մեկ անգամ կոչ ենք անում. կարևոր է իմանալ, որ երբեք չի կարելի ծանրաբեռնել ստամոքսը, պետք է ուտել օրը 3-5 անգամ` հավասարապես բաղդատել մեզ անհրաժեշտ կալորիաները, միկրո և մակրոտարրերը, կենսանյութերը և այլն օրվա ընթացքում։
Ինչո՞ւ է դա կարևոր. Կանոնավոր, ցանկալի է` նույն ժամերին ուտելու դեպքում, կարճ ժամանակ անց վերականգնվում են օրգանիզմի բնականոն ֆունկցիաները` ռեֆլյուքսը։ Կարևոր է, որ լավ ծամեք սննդամթերքը, քանի որ մարսողական համակարգը սկսվում է բերանից, և ցանկալի չէ ուտել ուշ ժամերին։
Այրոցքի առաջացմանը նպաստող հանգամանքներն են` շուրջօրյա աշխատանքը, ծխելը, ալկոհոլը, քիմիական նյութերի ազդեցության հետևանքով առաջացող այրվածքները, քրոնիկ սթրեսը։ Ռիսկային խմբի մեջ են հղիները։
- Մասնագետներն առանձնացնում են այրոցքի բուժման համար նախատեսված դեղորայքի երկու խումբ.
- Աղեստամոքսային համակարգի շարժողական ֆունկցիան նվազեցնող` սպազմոլիտիկ, որոնցից առավել հայտնի է «նոշպան»։
- Աղեստամոքսային համակարգի օրգանների պատերի կրճատումն ակտիվացնող, փականների աշխատանքը խթանող, օրինակ` «մոտիլիում»։
Դեղորայքի առաջին խումբն ունի թուլացնող` տոնուսն իջեցնող, իսկ երկրորդը` ակտիվացնող` տոնուսը բարձրացնող ազդեցություն։
Միայն փորձառու մասնագետը կարող է կատարել ճիշտ նշանակում։ Սակայն փորձը ցույց է տալիս որ այրոցքը հիմնականում «փականների»` սֆինկտերների անբավարարության հետևանք է։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: